ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնեցրել են Եվրոպայի վերազինման ծրագիրը

ԵՄ անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում համաձայնեցրել են Եվրոպայի վերազինման ծրագիրը՝ 800 մլրդ եվրո արժողությամբ, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Մարտի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարներին առաջարկել է ԵՄ վերազինման ծրագիր՝ ընդհանուր 800 մլրդ եվրո արժողությամբ։ Այս առաջարկը ենթադրում է ԵՄ անդամ երկրների կողմից մինչև 150 մլրդ դոլարի վարկառություն։
Եվրահանձնաժողովն այդ գումարները կվերցնի կապիտալի շուկաներից, իսկ հետո դրանք վարկով կտա պետություններին՝ պայմանով, որ նրանք միասնաբար զենք կգնեն Եվրոպայում։ Այդ միջոցները կուղղվեն նաև ԵՄ-ում ՀՕՊ համակարգերի և Ուկրաինայի համար նախատեսված զենքի արտադրությանը:
ԵՄ գագաթնաժողովը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ինքնավար կերպով պատասխանի բոլոր կողմերից անվտանգությանն ուղղված մարտահրավերներին։ ԵՄ ղեկավարները որոշում են ընդունել Եվրոպական ներդրումային բանկը վերակողմնորոշել ռազմական ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ։
ԵՄ ղեկավարները հավանություն չեն տվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ միության երկրներին պաշտպանական նպատակներով մինչև 150 մլրդ եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ։ ԵՄ կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ընդլայնումն ու ռազմականացման ծրագիրը հավանության են արժանացրել 26 երկրներ․ բացառություն է կազմել Հունգարիան։ Վերջինս դեռ ձեռնպահ է մնացել։
Կարծիքներ