Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենախոշոր ընտրությունների երրորդ փուլը, որի ընթացքում կքվեարկեն 11 նահանգներում և տարածքներում՝ խորհրդարանի 93 մանդատի համար։ Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին քվեարկել է ընտրություններում՝ կոչ անելով քաղաքացիներին մեծ մասնակցություն ցուցաբերել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ իր հայրենի նահանգ Գուջարաթում քվեարկելիս Մոդին միևնույն ժամանակ նախազգուշացրել է տապի մասին՝ մարդկանց կոչ անելով հետևել առողջությանը և շատ ջուր խմել։
Ընտրությունների երրորդ փուլի արդյունքներով կընտրվեն խորհրդարանի 543 ընտրված անդամներից 283-ը։
Հնդկաստանում ընտրությունները սկսվել են ապրիլի 19-ին և անցկացվում են 7 փուլով։ Ընտրելու իրավունք ունի գրեթե 1 միլիարդ մարդ։ Քվեաթերթիկները հաշվարկվելու են հունիսի 4-ին։
Վարչապետ Մոդին փորձում է իր պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ։ Նրա «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party) պայքարում է ավելի քան երկու տասնյակ ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած դաշինքի դեմ։
Ըստ կանխատեսումների՝ Մոդիի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա։
Կարծիքներ