Աշխատանքային փորձի ձեռքբերման ծրագիր՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների և արցախցիների համար
2020 թ․ պատերազմի մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և պատերազմի հետևանքով ՀՀ-ում բնակվող արցախցիների (Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր հաշվառված են եղել Արցախի Հանրապետության վերահսկողության տարածքից դուրս մնացած համայնքներում և այժմ բնակվում են Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում) վերապատրաստումների, աշխատանքային փորձի ձեռքբերման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվել։
Ըստ այդմ՝ կողմերը կհամատեղեն ջանքերը շահառուների շրջանում նոր հմտությունների ձևավորման, աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ:
Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնների միջոցով կհստակեցվի նախագծին մասնակցել ցանկացող գործատուների և շահառուների ցանկը, կկազմակերպվի դիմում-հայտերի ընդունման և մշակման գործընթացը։
Հուշագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կվճարվի ամսական 100 հազար դրամ աշխատավարձ (ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները), իսկ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետի համար գործատուին կտրամադրվի 34 հազար դրամ։
Կարծիքներ