Արցախը՝ ՌԴ կողմից ագրեսիայի ենթարկված երկրների ցանկում
Մոսկովյան ֆունկցիոներների հայատյացության նորանոր դրսեւորումներ են ի հայտ գալիս Պուտինի վարչակարգի՝ Արեւմուտքից իր ազդեցության բացառիկ գոտու ճանաչման եւ հետխորհրդային տարածքի «նոր ինտեգրացիայի» ներկայիս հիվանդագին ձգտումներին զուգահեռ
Մեկնաբանելով Տաջիկստանի ու Ղրղըզստանի ռազմական բախումները, հայատյացության դրոշակակիրներից մեկը՝ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը իր դատողությունները կառուցել է հենց այդ տրամաբանությամբ․
«Մենք ոչ մեկի կողմից չենք։ Այդ ամենը, ցավոք, հաստատում է միայն մեկ բան, եւ ինձ՝ որպես կոմունիստի, հասկանալի է, հատկապես Խորհրդային Միության հարյուրամյակի տարում, նրա փլուզումը սկսվել է հենց ազգային ծայրամասերից՝ Ղարաբաղ, Վրաստան, Մոլդովա, ամենուր դա ուղեկցվել է ազգամիջյան քաշքշուկներով։ Վարչական սահմանների, ազգային սահմանների համար։ Այս իմաստով ոչինչ չի փոխվել։ Ոչ ոք չի լուծել խնդիրը», ասել է պատգամավորը եւ որպես լուծում՝ «ինտեգրացիոն գործընթացները ջնջում են հակասությունները երկրների միջեւ, երբ սահմանները մինչեւ վերջ կարգավորված չեն»։
Կալաշնիկովը Կրեմլի քաղաքականության խոսնակներից է։ Նկատենք, որ նա թվարկում է այն երկրները, որոնք մեղավոր են համարվում ԽՍՀՄ կազմաքանդման համար, եւ երեւի այդ պատճառով էլ ենթարկվել են ՌԴ ագրեսիային։ Ցանկը հստակեցվում է Կրեմլի վարչակարգի՝ «աշխարհքաղաքական ռեւիզիայի եւ պատմական արդարության վերականգնման» ներկայիս քաղաքականության լույսի ներքո՝ որպես թիրախ եւ ագրեսիայի արդարացում։
Ո՞վ է գծել խորհրդային նախկին միավորների «մինչեւ վերջ չկարգավորված» սահմանները՝ հարցը հռետորական է, պատասխանը՝ բոլորի համար պարզ։ Դրանք հենց այդ նպատակով էլ գծվել են՝ այդ երկրների սանձը Մոսկվայի ձեռքին պահելու համար։ Հայաստանի, հայերի դեմ 1921-1923 թթ․ եւ 2020-ի ոճիրը ռուսական այս քաղաքականության ցուցադրական օրինակ է։
Կարծիքներ