Կարեն Գիլոյանն ու Հովհաննես Հովսեփյանը Սերբիայում են. այսօր կկայանա ԱԱ-ի վիճակահանությունը

Կարեն Գիլոյանն ու Հովհաննես Հովսեփյանը Սերբիայում են. այսօր կկայանա ԱԱ-ի վիճակահանությունը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն երկու մարզում է անցկացրել Սերբիայում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանգրվանել է Կրովեն Պլազա հյուրանոցում և մարզվում է հյուրանոցից ոչ հեռու գտնվող Ստարկ Արենայի մարզումային դահլիճում: Հենց Ստարկ Արենայում էլ տեղի կունենա աշխարհի առաջնությունը:

ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը Բուդվայից այսօր ժամանել է Բելգրադ, և մեր բռնցքամարտիկների կողքին կլինի նաև աշխարհի առաջնության ժամանակ: Բելգրադ է ժամանել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ֆեդերացիայի լրատվական ծառայության հետ զրույցում նշել է, որ տղաները պատրաստ են պայքարելու և լավ մենամարտեր անցկացնելու:

«Մարզումները ցույց են տալիս, որ տղաների մոտ ամեն ինչ գնում է ըստ գրաֆիկի: Այս պահի դրությամբ նրանք այնպիսի մարզավիճակում են, ինչպես պետք է լինեն հենց այս ժամանակահատվածում: Կա արագություն, կա ախորժակ և,որ ամենակարևորն է, կա ցանկություն կռվելու համար: Նրանք շատ եռանդով են աշխատում, ես գոհ եմ նրանցից: Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարելու և լավ մենամարտ անցկացնելու»:

Աշխարհի առաջնության վիճակահանությունը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում