Պետական կառույցները պետք է անտեսեն լատինատառ գրությունները. Դ.Գյուրջինյան
ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է կոմիտեի վերջին 7 ամսվա գործունեության արդյունքները։
Նրա խոսքով, նշված ժամանակահատվածում կոմիտեի վարչական իրավախախտումների բաժինը «Լեզվի մասին» օրենքի պահանջների պահպանման, խախտումների բացահայտման և դրանք վերացնելու պահանջով հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան: Վերջին 7 ամսվա ընթացքում հարուցվել է 63 վարչական վարույթ, քննվել է 18 գործ, որոնցից 7-ի պահանջը բավարարվել է, իսկ 11-ինը՝ տարբեր պատճառներով մերժվել։ Երկու բողոք ներկայացվել է Վերաքննիչ դատարան, որով կոմիտեն հետամուտ է եղել «Լեզվի մասին» օրենքի պահանջների պահպանմանը։
«Քանի որ դատարանները տարբեր հարցերով ծանրաբեռնված են, մեր մյուս հայցադիմումները կքննվեն 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Վստահեցնում եմ, որ մեր նպատակը տուգանք նշանակելը չէ: Մեր խնդիրն օրենքի պահանջների պահպանումն է, քանզի հայերենը պետք է լինի ամենուրեք, նոր միայն՝ այլ լեզուները։ ՀՀ տնտեսավարողները կարծես գործում են ոչ Հայաստանի բնակիչների, այլ զբոսաշրջիկների համար, այդ պատճառով ակնհայտ են բազմաթիվ խախտումներ»,-ասուլիսի ժամանակ ասել է Դավիթ Գյուրջինյանը՝ հավելելով, որ, օրինակ, սրճարաններում ճաշացանկը միայն օտար լեզվով է, այնինչ այն պետք է լինի հայերեն, որը կարող է զուգակցվել այլ լեզուներով։
Հարցին, թե որո՞նք են ամենախնդրահարույց ոլորտները, Դ.Գյուրջինյանն ասել է, որ առավել շատ խախտումներ արձանագրվում են բնակավայրերի արտաքին հարդարանքի հետ կապված, հատկապես մայրաքաղաքի կենտրոնում, ինչպես նաև սպասարկման և դեղերի ոլորտում։ Ըստ բանախոսի՝ ցուցանակները և կայքերի հասցեները ևս միայն օտար լեզվով են, մինչդեռ տնտեսվարողների գործավարությունը և արտաքին արտադրանքը նախևառաջ պետք են լինեն հայերեն։ Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել է, որ դեղերի ներդրիրները պետք է ունենան հայերեն թարգմանություն, և դեղատունը պարտավոր է քաղաքացուն տրամադրել դրանց հայերեն տարբերակները, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է հաճախորդի առողջությանը։
Դ. Գյուրջինյանը դրական է որակել այն, որ նվազել են սոցցանցերում լատինատառ գրառումները, բայց դեռևս մտահոգվելու առիթ կա։
«Պետական կառույցները պետք է անտեսեն իրենց ուղղված լատինատառ գրությունները, քանի որ դա պատշաճ վերաբերմունք չէ մայրենի լեզվի նկատմամբ։ Մի ընկերության հանդեպ մեր հայցադիմումն ընդունվել է վարույթ՝ քաղաքացիներին լատինատառ գրություն ուղարկելու համար»,-տեղեկացրել է Լեզվի կոմիտեի նախագահը։
Լրագրողները հարցեր են ուղղել նաև Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա հայերենի գերիշխող լինելու, ինչպես նաև հայոց լեզվի շտեմարանների և օտար անունների հայերեն համարժեքների վերաբերյալ։ Ի պատասխան՝ Դ.Գյուրջինյանը նշել է, որ համապատասխան փոփոխություններ կարվեն Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա, ինչը գոհացուցիչ է: Անդրադառնալով օտար բառերի ու տերմինների վերաբերյալ հարցին՝ բանախոսը նշել է, որ կոմիտեն պարբերաբար հրապարակում է օտար բառացանկերի հայերեն համարժեքները։
«Մենք աշխարհին հետաքրքիր ենք մեր լեզվով, մշակույթով ու տեսակով։ Հետևաբար, հետամուտ ենք լինելու, որ մեր երկրում մենք մեզ օտար կամ անհարմար չզգանք։ Փոփոխությունը պետք է լինի մարդկանց մտածողության մեջ, քանի որ կոմիտեի փոքր աշխատակազմը չի կարող գնալ հազարավոր խախտումների հետևից։ Մենք բոլորս այս առումով պետություն ենք. հասարակության տարբեր խմբերը պետք է այնպես անեն, որ հայերենը իսկապես գերակա լինի և պետական լեզվի կարգավիճակ ունենա ՀՀ տարածքում»,- նշել է կոմիտեի նախագահը՝ հորդորելով քաղաքացինեին առավել զգոն լինել այդ հարցում։
Ըստ Դ.Գյուրջինյանի՝ կոմիտեն իրականացնում է նաև լեզվական քարոզչություն և զբաղվում գրական հայերենի տարածմամբ։ Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և կայքերի լեզվական սխալների վերհանումն ու դրանց վերաբերյալ ամփոփագրերի պատրաստումը նույնպես կոմիտեի ուշադրության կենտրոնում է:
Կարծիքներ