Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցությունը խորանում է․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Amazon Web Services-ի պատվիրակության հետ
Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովի ու ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական այցի շրջանակում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Amazon Web Services-ի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ շեշտադրելով Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության և թվային դիմակայունության ամրապնդումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Հանդիպումը ռազմավարական երկխոսության շարունակությունն էր՝ ԲՏԱ նախարարության և AWS-ի միջև նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված ԱՄՆ-Հայաստան արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Նշված փաստաթղթերը միտված են առաջատար տեխնոլոգիաների (edge technologies) ներդրմանը՝ որպես Հայաստանի տնտեսական արդիականացման և դիմակայունության կարևոր շարժիչ ուժեր:
Քննարկել ենք գործող հուշագրերի շրջանակում արձանագրված առաջընթացը և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ուղղություններում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը և հաջորդ սերնդի լուծումների ներդրմանը՝ արդյունաբերության, կրթության և հանրային ծառայությունների բնագավառներում։
Առանցքային թեմաներից էր Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շարունակական զարգացումը, որտեղ AWS-ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր՝ տրամադրելով ամպային տեխնոլոգիաների լուծումներ, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կարողությունների զարգացման գործիքակազմ։ Ինստիտուտը դիտարկվում է որպես կիրառական հետազոտությունների, աշխատուժի զարգացման և նորարարության հարթակ՝ արհեստական բանականության հետ առնչվող ուղղություններով՝ համապատասխան միջազգային չափանիշներին և շուկայի փոփոխվող պահանջներին։
Ուշադրություն ենք դարձրել նաև արբանյակային հաղորդակցությունների և տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին` ամպային հարթակների կիրառումն անվտանգ կապի, տվյալների մշակման և առաջատար հաշվողական լուծումների (edge computing solutions) ապահովման համատեքստում։ Այս ուղղությունները կարևորվել են որպես խելացի ենթակառուցվածքների, առաջատար արտադրության, հեռավար ծառայությունների և ազգային թվային դիմակայունության ձևավորման առանցքային բաղադրիչներ»,- գրել է նախարարը։


Կարծիքներ