Վիետնամում ընտրություններ են
Մայիսի 23-ի վաղ առավոտից Վիետնամի քաղաքացիներն գալիս են ընտրատեղամասեր: Նրանք պետք է ընտրեն 15-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին ու ժողովրդական խորհուրդների բոլոր մակարդակների անդամներին, գրում է Vietnam plus-ը:
2021-ից 2026 թվականներին պաշտոնավարման ժամկետով 15-րդ Ազգային ժողովի 500 պատգամավորական մանդատի համար առաջադրվել է 866 մարդ, որից 207 թեկնածու առաջադրվել է կենտրոնական իշխանությունների կողմից, իսկ պատգամավորական մանդատի 133 թեկնածու առաջադրվել է հենց Ազգային ժողովի կառույցների կողմից:
Մարզի, շրջանի եւ համայնքի մակարդակներում Ժողովրդական խորհուրդներում տեղերին հավակնում է շուրջ 449.000 թեկնածու: Ժողովրդական խորհուրդների եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կհրապարակվեն համապատասխանաբար հունիսի 2-ին և 12-ին:
Ինչպես նշում է թերթը, COVID-19-ի համավարակի ֆոնին թեկնածուների նախընտրական արշավներն իրականացվում էին հատուկ ռեժիմով: Ազգային ընտրական խորհրդի եւ Վիետնամի հայրենիքի ճակատի կենտրոնական կոմիտեի (VFF) ղեկավարությամբ ընտրողների մասնակցությամբ համաժողովները «ճկուն էին եւ ստեղծագործ»: Կորոնավիրուսի նորմալ կարգավիճակ ունեցող բնակավայրերում ընտրողների հետ հանդիպումներն անցկացվում էին սոցիալական հեռավորության պահպանմամբ, ինչպես նաեւ առցանց:
Միեւնույն ժամանակ, սահմանափակ կամ կարանտինացված տարածքներում ընտրարշավները խրախուսվում էին լրատվամիջոցների կիրառմամբ, իսկ քարոզչական ծրագրերն ու թեկնածուների կենսագրությունները հրապարակվում էին ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, տպագիր կամ էլեկտրոնային թերթերում կամ ուղարկվում էին էլեկտրոնային փոստով:
Կարծիքներ