Փետրվարի 28-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից բռնագաղթած մեր հայրենակիցների համար գործարկվել է www.armrefugees.am կայքը. Վիլեն Գաբրիելյան

Փետրվարի 28-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից բռնագաղթած մեր հայրենակիցների համար գործարկվել է www.armrefugees.am կայքը. Վիլեն Գաբրիելյան

Փետրվարի 28-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից բռնագաղթած մեր հայրենակիցների համար գործարկվել է www.armrefugees.am կայքը: Դրա հետ կապված մանրամասները «Արմենպրես»-ին ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը։ Նա անդրադարձել է նաև միության գործունեությանը։

- Պարոն Գաբրիելյան, այս օրը, փետրվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքով ամրագրված է որպես Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և  բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության  օր: Դուք ևս բռնի կերպով տեղահանվել եք Բաքվից, այդ իսկ պատճառով հանձն եք առել ԱԽՍՀ հայերի իրավունքների պաշտպանությունը և ղեկավարում եք «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը։ Ի՞նչ զգացումներ ունեք այսօր:

- Փետրվարի 28-ը մեր պատմության մեջ ողբերգական օր է, 36 տարի առաջ Սումգայիթ քաղաքում ողջ հայ բնակչության նկատմամբ փաստացի ցեղասպանական ակտ իրականացվեց՝ հրահրված ժամանակի ադրբեջանական իշխանությունների կողմից: Այն իր ծավալով և հրեշավորությամբ աննախադեպ էր, և հանգեցրեց հայ բնակչության մազապուրծ տարհանմանն ու քաղաքի հայաթափմանը։ Սումգայիթի անպատժելիությունը բերեց նրան, որ զազրելի հայատյացության հրդեհը տարածվեց մնացած քաղաքների վրա ևս: Արդյունքում իսպառ հայաթափվեցին այն տարածքները, որտեղ պատմականորեն ապրել և արարել են հայերը: Ես ևս պատկանում եմ այն հայերի թվին, ովքեր հարկադիր լքեցին իրենց օրրանը՝ զրկվելով դրա հանդեպ բոլոր իրավունքներից:

- Արդեն տևական ժամանակ է, ինչ ակտիվ գործունեություն է իրականացնում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, որը հանձնառություն է ստանձնել ներկայացնելու 1988-1992 թթ․ ներկայիս Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված փախստականության շահերը։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվել այս ուղղությամբ։

- Այո՛, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ստեղծվել է որպես հարթակ՝ միավորելու 1988-1992 թթ․ հայ փախստականությանը և այս համակարգային խնդիրը բոլոր հնարավոր միջոցներով հանրահռչակելու և ներկայացնելու միջազգային հանրությանը։ Նախորդ տարվա գարնանից ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Հայ փախստականության հարցերը շոշափող համաժողովից հետո, որը տեղի ունեցավ 2023 թ․ ապրիլի 29-ին, է՛լ ավելի առարկայական դարձավ առկա խնդրի օրակարգային լինելը։ Մեր հետագա աշխատանքները կազմակերպվեցին միանգամից մի քանի ուղղություններով՝ ներքին կազմակերպական, ինչը ենթադրում էր ներքին շահագրգիռ ուժերի կոնսոլիդացիա մեկ հարթակի շուրջ, և արտաքին տեղեկատվական։ Նշեմ, որ անցած տարվա ընթացքում մեզ հաջողվել է կազմակերպել մի շարք միջոցառումներ, ցուցահանդեսներ։ ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել եմ Ժնևում 2-րդ Global Refugee Forum-ին, հանդիպումներ ունեցել միջազգային գործընկերների հետ, ներկայացել բռնի տեղահանվածների ոտնահարված իրավունքները, ծագած խնդիրները, ինչպես նաև ընդգծել վերադարձի իրավունքի կարևորությունը, որը պետք է հիմնված լինի երեք հիմնական սկզբունքի վրա. անվտանգության, կամավորության և արժանապատվության: Մեր ուշադրության կենտրոնում են թե՛ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացված բռնարարքների հանրայնացումը, թե՛ հայկական հոգևոր- մշակութային ժառանգության պահպանության խնդրի հանրահռչակումը։ Այս խնդիրները փոխադարձաբար կապված են միմյանց։ Եվ մենք մեր կոչերում, հայտարարություններում պարբերաբար հասցեագրում ենք թե՛ միջազգային հանրությանը, թե՛ միջազգային իրավարար և պատասխանատու կառույցներին՝ աչալուրջ լինել խնդրի նկատմամբ։ Հենց նման բովանդակություն ուներ ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածված նամակը՝ կազմված 1990 թ․ Բաքվի հայկական կոտորածի 34-ամյա տարելիցի կապակցությամբ։ 

Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ հենց այսօր գործարկվել է www.armrefugees.am կայքը, որը ստեղծվել է 1988-1992 թթ․ բռնի տեղահանված և Հայաստանում կամ արտերկրում  ապաստանած մեր հայերնակիցներին միավորելու համար։ Կայքում կգտնեք տեղեկատվություն «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության, ինչպես նաև պատմական տեղեկություններ Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի մասին։ Կտեղեկանաք մեր միության ծավալած գործունեությանը, մեր տարածած հայտարարություններին և կոչերին։ Մենք առանձին բաժնով ներկայացրել ենք նաև ադրբեջանական իշխանությունների հակահայկական ռասիստական քաղաքականության պատմությունը։ Սկսած 1905 թ․ թաթարական վայրագություններից մինչև 2023 թ․ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում ջարդերի և կոտորածների ողջ քաղաքականությունը հայության նկատմամբ չի կարելի այլ կերպ գնահատել քան ցեղասպանություն։ 

Ինչը շատ կարևոր է՝ կայքը պարունակում է ինտերակտիվ քարտեզ, և, գրանցումների բաժնում ներբեռնելով տվյալները, 1988-1992 թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կկարողանան քարտեզի վրա նշել իրենց նախնական բնակության վայրը։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին ակտիվորեն գրանցվել կայքում և անձնապես նպաստել գործված հանցանքների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և փախստականության հավաքական իրավունքների վերականգնման գործին։ 

- Պարոն Գաբրիելյան, իր գործունեության մեկնարկից ի վեր «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության մասին քննարկումները տեղի են ունենում արդեն նաև Հայաստանից դուրս: Ձեր գործունեությունը ստանո՞ւմ է հանրային աջակցություն։

- Նշեմ, որ հետաքրքրությունը հանրության շրջանում բավականին մեծ է միության և նրա գործունեության նկատմամբ։ Մենք պարբերաբար ստանում ենք նամակներ, առաջարկներ, անդամագրության հայտեր, տեղի են ունենում հանդիպումներ Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած փախստականների հետ։ Այդ հանդիպումների ժամանակ առկա խնդիրները է՛լ ավելի շոշափելի և հասցեական են դառնում։ Դրանք վերաբերվում են թե՛ փախստականների սոցիալական խնդիրների վերհանմանը, թե՛ դրանց լուծման ուղիներին, թե՛ փախստականության խնդրի փաթեթային ձևակերպմանն ու համաժեք ընթացակարգերով լուծմանը։ Նշեմ նաև, որ մեր միջոցառումները  պատմական իրողությունների վերհանման առումով ևս շատ արդյունավետ են։ Օրինակ՝ Հայաստանի պատմության թանգարանում հայոց Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի մշակույթին նվիրված ցուցադրության շնորհիվ մեզ հետ կապվեցին Նախիջևանի Սմբատյանց տոհմի ժառանգները և թանգարանին նվիրաբերեցին իրենց տոհմական սուրը՝ թվագրված 1625 թվականով։ Սա մեծ  ներդրում է՝ արթուն և առարկայական պահելու Նախիջևանի հայկականությունը՝ ի հեճուկս ադրբեջանական ջարդարարության, որի հռչակած իբր բազմամշակութայնության շրջանակներում  հայկական հոգևոր-մշակությաին ժառանգությունը անդադար և անարգել խեղվում, յուրացվում և ոչնչացվում է։ Տեսեք՝ սա ևս անպաժելիության ցուցիչն է․ Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման համար չպատժված վաչակարգը անարգել պղծում է Շուշիի հայկական գերեզմանատունը։ 

- Պարոն Գաբրիելյան, իսկ Ձեր բարձրաձայնած խնդիրները ածանցվու՞մ են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների խնդրին, թե՞ Դուք դրանք տարբեր հարթություններում եք դիտարկում։

- Շնորհակալություն այս կարևոր հարցի համար։ Թե՛ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, թե Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված հայության խնդիրները նման են այն առումով, որ երկու պարագայում էլ մենք գործ ունենք Ադրբեջանի պետականահեն ազգայնական հակահայկական քաղաքականության գործադրման հետ։ Սակայն եթե հայերը որոշակի թվական և մշակութային  ծանրակշիռ ներկայացվածություն են ունեցել պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածում, շատ գյուղեր և բնակավայրեր, ամբողջական շրջաններ եղել են ամբողջությամբ հայկական և հայաբնակ, ապա Լեռնային Ղարաբաղի պարագայում մենք գործ ունենք ամբողջությամբ հայկական և հայաբնակ արեալի հետ, որում հայկականությունը՝ պետականության պատմական տարբեր դրսևորումներով երբևէ չի ընդհատվել։ Այս պարագայում Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրը ստանում է է՛լ ավելի մեծ առաջնություն։ Այնուհանդերձ մենք անխզելի կապ ենք տեսնում 1980-ական թթ․ վերջերին ներկայիս Ադրբեջանի տարածքում և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների միջև։ 1988 թ․ Սումգայիթի ոճրագործությունից հետո, որը իր ժամանակի համար դեռևս աննախադեպ էր, Ադրբեջանը չարժանացավ համապատասխան պատժի, մինչդեռ տեղի ունեցածը, ըստ էության, ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանություն։ Այս անպատժելիությունը թույլ տվեց նույն սցենարը կրկնել Բաքվում 1990 թ․ հունվարին, ապա Գանձակում, Գարդմանում, Մարաղայում և այսպես շարունակ։ Ոչ նույն, բայց գոնե թե նմանօրինակ և առավել խորքային իրողությունների բոլորս ականատես եղանք 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղում։ 

- Պարոն Գաբրիելյան, ի՞նչ պահանջներ ունի միությունը Ադրբեջանից։

- Ադրբեջանից ունեցած մեր պահանջները ամբողջությամբ հիմնված են միջազգային իրավունքի վրա։ Դրանք ենթադրում են գարդմանահայության, շիրվահանահայության, նախիջևանահայության ոտնահարված իրավունքների ամբողջական և երաշխավորված վերականագնում։ Դրանք վերաբերվում են թե՛ միջազգային անվտանգային երաշխիքներով վերադարձի և անվտանգ կենսագործունեության միջավայրի ապահովում, թե՛ կորսված գույքի փոխհատուցում, թե՛ հասցված նյութական վնասների  հաշվարկ և փոխհատուցում, բարոյական վնասի ճանաչում և փոխհատուցում, հակահայկականության քարոզի, ռասիստական և էթնիկ խտրականության արգելում և այլն։ Իրավունքների խնդիրը դիտարկելի է տարբեր հարթություններում։ Սա իրականում համալիր և ծավալուն խնդիր է։

-Պարոն Գաբրիելյան, ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել այս տարի։

- Մենք շարունակելու և խորացնելու ենք մեր աշխատանքը հռչակված բոլոր ուղղություններով։ Մեր ուշադրության կենտրոնում է մանավանդ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների հետ կապի հաստատումն ու մեր խնդիրների ու պահանջների ներկայացումը։ Բայց դրա հետ մեկտեղ ներքին աշխատանքները և միջոցառումները ևս շարունակական են լինելու։ Գոյություն ունի տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրների ամբողջություն, որի լուծումը բարդ և ժամանակատար աշխատանք է։ Այնուհանդերձ, միությունը հանձնառու է, ինչպես նշեցի, հռչակված բոլոր խնդիրների նկատմամբ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում