ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Վանաձորի մշակութային հաստատություններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Վանաձորի մշակութային հաստատություններ, ծանոթացել դրանց գործունեությանն ու առկա խնդիրներին:
Վանաձոր այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանի հետ: Քննարկվել են քաղաքի մշակութային առօրյան և մշակութային հաստատությունները աշխուժացնելու, համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ տարաբնույթ հարցեր:
Վանաձորի քաղաքապետի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, որտեղ հանդիպել է թատերախմբի հետ՝ ծանոթանալով թատրոնի գործունեությանը և առաջիկա անելիքներին: Դանիել Դանիելյանը կարևորել է հյուրախաղային համագործակցությունը՝ թե՛ հայկական մշակույթը օտարերկրյա բեմերում հանրահռչակելու, թե՛ Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող արվեստի գործիչներին հյուրընկալելու տեսանկյունից: Փոխնախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու յուրաքանչյուր նախաձեռնության, որը միտված է ոլորտի զարգացմանը։
Վանաձոր այցի շրջանակում Դ. Դանիելյանը ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի, Վանաձոր համայնքի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձոր համայնքի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, ինչպես նաև Գեղագիտության ազգային կենտրոն, Loft Վանաձոր, ծանոթանացել է հաստատությունների շենքային և գույքային պայմաններին, շփվել ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Օրվա վերջում ԿԳՄՍ փոխնախարարը ներկա է գտնվել «Ալթունյան» անսամբլի 85-ամյակի համերգին՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ներկայացել է համերգային նոր հավաքական ծրագրով` կազմված անսամբլի տարբեր տարիների լավագույն ստեղծագործություններից:
Համերգի շրջանակում Վանաձորի քաղաքապետի անունից համույթին հանձնվել է շնորհակալագիր:
Կարծիքներ