Բոլորս էլ քաջ գիտակցում ենք՝ Սյունիքը մեր հայրենիքի դարպասն է. Օնիկ Գասպարյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
Շտաբի պետը նշել է, որ իրավիճակն իսկապես բարդ է, ընդգծել, որ պետք է առաջ շարժվել և գործի դնել ողջ ներուժը երկիրը բարդ կացությունից հանելու համար։
«Այսօր մեր երկիրը լուրջ փոփոխությունների և մարտահրավերների առջև է կանգնած, և մեզանից յուրաքանչյուրն իր մեծ դերակատարությունն ունի իրավիճակը կայունացնելու գործում։ Հասկանում եմ՝ տեղի ունեցածը լուրջ անհանգստություն է պատճառել ձեզ և բոլոր սյունեցիներին, բայց մենք կոտրվելու իրավունք չունենք։ Պետք է համախմբվել, գործել միասնաբար և համակարգված՝ ի շահ մեր երկրի, ի շահ մեր հայրենիքի։ Ամեն օրն ու ժամն է այսօր կարևոր։ Զինված ուժերում սա հստակ գիտակցում են, գիտակցում եք նաև դուք, և մենք մեջք մեջքի տալու, մեկ բռունցք դառնալու կարիք ունենք։ Վստահ եմ, որ դուք ամուր կանգնելու եք ձեր հողի վրա, բանակն էլ, հավաստիացնում եմ, թիկունք է լինելու ձեզ։ Եկեք դուրս գանք այս ընկճված վիճակից և այսօրվանից կառուցենք մեր վաղվա օրը։ Մեր կանանց, մայրերի և զավակների ապավենն ու հայրենյաց հողի պաշտպանն է մեզանից յուրաքանչյուրը․ եկեք այս նոր իրավիճակում էլ շարունակենք ապահովել նրանց և մեր ամբողջ երկրի անվտանգությունը, որովհետև բոլորս էլ քաջ գիտակցում ենք՝ Սյունիքը մեր հայրենիքի դարպասն է»,- նշել է գեներալ-գնդապետ Օ․ Գասպարյանը։
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր, առկա խնդիրների լուծման ուղիները։
Կարծիքներ