COVID-19. Հայաստանում 270-ից ավելի մարդ պատվաստվել է խթանիչ դեղաչափով

COVID-19. Հայաստանում 270-ից ավելի մարդ պատվաստվել է խթանիչ դեղաչափով

Կորոնավիրուսի դեմ պատրաստվելուց վեց ամիս անց, ըստ ուսումնասիրությունների, որոշ դեպքերում հակամարմինների որոշակի նվազում է դիտվում: Այդ իսկ պատճառով առաջակվում է պատվաստվել խթանիչ դեղաչափով: Հայաստանում արդեն 270-ից ավելի մարդ պատվաստվել է խթանիչ դեղաչափով: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ այդ թվերը փոփոխական են, յուրաքանչյուր օր խթանիչ դեղաչափով պատվաստվողների թիվն ավելանում է:

«Մենք ուսումնասիրել ենք ինչպես միջազգային առողջապահական կառույցների կողմից առկա առաջարկությունները, առաջատար երկրների փորձը, այնպես էլ մեր երկրում առկա պատվաստանյութերի ուղեցույցների առկա պահանջները: Այդ ամենի հիման վրա մշակվել է խթանիչ դեղաչափերի կիրառման քաղաքականությունը: Խթանիչ դեղաչափերն օգնում են, որ մարդն առավել պաշտպանված լինի կորոնավիրուսից»,-ասաց մասնագետը:

Այս պահի դրությամբ խթանիչ դեղաչափով պատվաստումները նախատեսված են 18 և բարձր տարիքի անձանց համար: Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերի անձանց: Ռիսկի խմբերն են՝ 65 տարեկան անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները: Պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության:

«Խթանիչ դեղաչափը ենթադրում է մեկանգամյա ներարկում, երկրորդ դեղաչափից վեց ամիս հետո: Կա պատվաստման հաստատված սխեմա: Օրինակ, եթե անձը պատվաստվել է «Սպունտիկ V»-ով, ապա որպես խթանիչ դեղաչափ առաջարկվում է կամ կրկին «Սպունտիկ V», կամ «Սպուտնիկ լայթ», կամ ՌՆԹ պատվաստանյութ, որը մեր երկրում եղածներից «Մոդերնա»-ն է: Ամեն դեպքում, եթե նախատեսված սխեմայից դուրս անձը ցանկանում է այլ պատվաստանյութ, ապա որևէ սահմանափակում չկա: Անձը կարող է դիմել իր գրավոր համաձայնությամբ ստանալ պատվաստանյութը»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը:

Արդյո՞ք խթանիչ դեղաչափը ստանալուց որոշ ժամանակ անց առաջարկվում է կրկին պատվաստվել: Հարցին ի պատասխան, մասնագետը նշեց, որ այս պահին որևէ քաղաքականություն չկա մշակված։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում