Գիտնականները մտադիր են կիրառել կարիճի թույնը սրտի նոպայի բուժման համար
Գիտնականները պարզել են, որ կարիճների թույնը կարող է շատ արդյունավետ միջոց լինել սրտի նոպայի դեմ պայքարի համար։ Մասնագետները շատ հաճախ են այս կամ այն վտանգավոր հիվանդության դեմ դեղամիջոցները ստանում կենդանիների թույներից և այժմ մտադիր են այդ նպատակով կիրառել կարիճների թույնը։
Ինչպես գրում է medikforum.ru կայքը, հետազոտությունները ցույց են տվել, որ կարիճի թույնը պարունակում է պեպտիդ, որը դրական ազդեցություն է ունենում զարկերակային բարձր ճնշում ունեցող առնետների սրտանոթային համակարգի վրա։ Առհասարակ այս թույնը կենսաբանական ակտիվ մոլեկուլների բավական բարդ խառնուրդ է, որը կարող է վտանգավոր լինել, սակայն ճիշտ չափաբաժնի գործածության դեպքում կարելի է ոչ միայն խուսափել բարդություններից, այլև պայքարել որոշակի առողջական խնդիրների դեմ։
Կարիճի թույնի մեջ պարունակվող բաղադրիչներից մեկը KPP տրիպեպտիդն է (Lys-Pro-Pro), որն ավելի խոշոր տոքսինի մասն է կազմում։ Գիտնականները նկատել են, որ զարկերակային գերճնշում ունեցող մկների վրա փորձարկելու դեպքում KPP-ն հանգեցնում է արյունատար անոթների լայնացման ու զարկերակային ճնշման նվազման։
Այժմ մասնագետները ենթադրում են, որ այս տրիպեպտիդի հիման վրա հնարավոր կլինի ստեղծել բավական արդյունավետ դեղամիջոց, որը կարելի է կիրառել սրտի նոպաների դեպքում։
Կարծիքներ