Հայաստանում պիտանելության ժամկետն ավարտվելու պատճառով պատվաստանյութեր են խոտանվել

Հայաստանում պիտանելության ժամկետն ավարտվելու պատճառով  պատվաստանյութեր են խոտանվել

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են AstraZeneca և Moderna-ի որոշ խմբաքանակներ։

Ըստ Սահակյանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը ի տարբերություն  ավանդական պատվաստանյութերի, հստակ երկար ժամկետներ չունեն: ԱՆ ներկայացուցիչը նշեց, որ օրինակ կարմրուկի, կարմրախտի պատվաստանյութը 2 տարի պիտանելիության ժամկետ ունի, գրիպի պատվաստանյութը՝ 1 տարի, իսկ քովոդի համար նախատեսված պատվստանյութի ժամկետները տատանվում են։

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում ունեին 1 ամսվա պիտանելիության ժամկետ, հետո դարձավ  3 ամիս, հետո՝ 6: Այս պահին ունենք նաև 9 ամիս պիտանելիության ժամկետ: Հարցը պետք է դիտարկել այս համատեքստում, նաև, թե պատվաստնյութն արտադրողի մոտից ինչքան շուտ է հասնում երկիր՝ հաշվի առնելով դժվարությունները: Ապրիլ-մայիս ժամանակահատվածում մեզ մոտ արդեն պատվաստնյութը հասնում էր արդեն 1.5 կամ մաքսիմում 2 ամիս պիտանելիության ժամկետով: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում մենք այնքան լավ հանրային իրազեկում պետք է անեինք, պահանաջարկը այնքան լավ պետք է բարձրացնեինք, որ կարողանայինք այդ խմբաքանակը իրացնել ամբողջությամբ», - նշում է Սահակյանը:

Գայանե Սահակյանի խոսքով՝ խոտանվել է AstraZeneca-ի ոչ շատ մեծ խմբաքանակ: Պատվաստանյութի համար պետք է 10 հոգի հավաքվի, սրվակը բացելուց հետո ընդամենը 6 ժամում պետք է օգտագործվի, 6 ժամ հետո, անկախ նրանից, սրվակի մեջ կա, թե ոչ, պետք է խոտանել:

«Ժամկետն ավարտվելու պատճառով ընդամենը 27 հազար AstraZeneca ենք խոտանել հունիսի վերջին: Այն օգնությամբ ստացած պատվաստանյութն էր»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ ստացված AstraZeneca-ն ընդամենը 1 ամսում պետք է օգտագործվեր: Նրա խոսքով ՝ Հայաստանում խոտանվել է նաև նույն քանակի  Moderna պատվաստանյութ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում