Լիվերպուլում 5000 հանդիսականով փորձնական ռոք-համերգ է կայացել՝ ստուգելու կորոնավիրուսի տարածման հավանականությունը
Լիվերպուլում փորձնական ռոք-համերգ է տեղի ունեցել, որին ներկա է գտնվել 5 հազար մարդ։ Euronews-ի փոխանցմամբ՝ նրանք եղել են առանց դիմակների, չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։ Փորձի նպատակն է հասկանալ զանգվածային միջոցառումների ժամանակ կորոնավիրուսով վարակման վտանգը։
Համերգին ներկա գտնվելու համար հանդիսականները պետք է ներկայացնեին միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք։ 5 օրից նրանք ևս մեկ թեստ պետք է հանձնեն։
Փորձագետները միևնույն ժամանակ զգուշացնում են, որ ամեն դեպքում հարկավոր է նախազգուշական միջոցառումներ կիրառել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, մասնավորապես՝ կրել դիմակներ, եթե խոսքը գնում է համերգ կամ դիսկոտեկ այցելելու մասին։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ նման փորձեր ավելի ու ավելի հաճախ են կատարվում։ Անցյալ ուրբաթ օրը 3 հազար լիվերպուլցիներ առանց դիմակների պարում էին դիսկոտեկում։ Միջոցառումը կազմակերպել էր բրիտանական կառավարությունը։ Ուսումնասիրության արդյունքները դեռ նոր պետք է հրապարակվեն։
Բարսելոնայում 5 հազար մարդու մասնակցությամբ համերգից հետո (տվյալ դեպքում բոլորը եղել են դիմակներով) չի հայտնաբերվել COVID-19-ով վարակման ոչ մի դեպք։
Կարծիքներ