Արթուր Մարտիրոսյանը դիպլոմներ է հանձնել Պոլիտեխնիկի շրջանավարտներին
Տարին հոբելյանական է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համար. ՀԱՊՀ-ն ինժեներական ու տեխնոլոգիական մասնագիտացումներով ճանապարհել է 90-րդ շրջանավարտներին: 90 տարում ինժեներական կառույցը թողարկել է շուրջ 130 հազար շրջանավարտ: Այս տարի համալսարանը ավարտել է ևս 909 ուսանող:
Հոբելյանական երեկոյին ՀԱՊՀ շրջանավարտներին շնորհավորանքի խոսք է հղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական կրթության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և Պոլիտեխնիկը բարեփոխումների առաջամարտիկների թվում է. «Դուք ընտրել եք մի ճանապարհ, որը պահանջում է ինտելեկտ, խնդիրներ լուծելու և ստեղծագործական հմտություններ: Վստահ եմ՝ համալսարանը ձեզ տվել է հետազոտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և անհրաժեշտ այլ ուղղություններով համապարփակ գիտելիք՝ այն ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման»:
Փոխնախարարի խոսքով՝ այսօր աշխարհում աննախադեպ զարգացող տեխնոլոգիաները և ճարտարագիտությունը պահանջում են մշտական նորարարություն և ժամանակի մարտահրավերներին արձագանքելու համար շարունակական ուսուցում, և բուհ ավարտելը մասնագիտական այլ ձեռքբերումների նոր սկիզբն է: Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել շրջանավարտներին մինչև կյանքի վերջ կրթվել և կատարելագործվել:
«Այս ուսհասատատությունում անցկացրած տարիները ոչ միայն տվել են մասնագիտական գիտելիք, այլև ձեր մեջ սերմանել են ազնվություն, թիմային մտածելակերպ և առաջնորդության արժեքներ, որոնք մասնագիտական աշխարհում ուղեկցելու են յուրաքանչյուրիդ: Այսօրվանից դուք ոչ միայն Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներ եք, այլև գերազանցության, նորարարության և առաջընթացի դեսպաններ՝ ամբողջ աշխարհում»,- եզրափակել է խոսքը Արթուր Մարտիրոսյանը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություններ:
Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի խոսքով՝ վերջին երկու տարում կրթական որակական փոփոխություններ են տեղի ունեցել համալսարանում: Նա համոզմունք է հայտնել, որ մի քանի տարի հետո համալսարանը կարող է մրցել նվազագույնը տարածաշրջանի լավագույն բուհերի հետ:
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի դիտարկմամբ՝ համալսարանի հիմնական ձեռքբերումը մարդկային ինտելեկտուալ այն արժեքն է, որը տարիների ընթացքում ակադեմիական համայնքի, պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուների, գործընկների աշխատանքի արդյունքում Պոլիտեխնիկը մշակում, ձևավորում և բաց է թողնում մասնագիտական աշխատաշուկա:
Տոնական օրը պարգևներ են հանձնվել համալսարանի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի աշխատակիցներին, որոնք նոր արժեք են ստեղծում տեխնոլոգիական կառույցում:
Կարծիքներ