Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։

 

Հանդիպման սկզբում ՀՀ գլխավոր դատախազը Նորին Սրբությանը ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։

 

Ողջույնի իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տասնամյակներին երկու երկրների միջև գործակցությունն առավել խորանում և ընդլայնվում է՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը:

 

Նորին Սրբությունը նկատել է, որ հայ և վրաց ժողովուրդները դարեր շարունակ հարատևել են քրիստոնեական հավատքի շնորհիվ և միմյանց զորավիգ լինելով՝ կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:

 

Շնորհավորելով վրաց ժողովրդին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության գալիք տոնի առիթով՝ Հայոց Հովվապետը մաղթել է, որ երկու ժողովուրդների համագործակցությունը լինի արդյունավետ և նպաստի երկու բարեկամ պետությունների զարգացմանը, առաջընթացին ու բարօր կյանքի կերտմանը։

 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

 

Իր հերթին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ընդգծել է, որ նման այցերը նպաստում են երկու երկրների պետական կառույցների փոխհարաբերությունների առավել սերտացմանը։

 

Պարոն Շոթաձեն Վեհափառ Հայրապետին փոխանցել է նաև Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետի ողջույնները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում