Գուտերեշը կապ չի հաստատել Մոսկվայի հետ Ռուսաստանում վերջին իրադարձությունների առնչությամբ

Գուտերեշը կապ չի հաստատել Մոսկվայի հետ Ռուսաստանում վերջին իրադարձությունների առնչությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կապ չի հաստատել Մոսկվայի հետ Ռուսաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 26-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։

«Թեև Գուտերեշը մտահոգված էր հանգստյան օրերին տեղի ունեցող իրադարձություններով, նրան նաև հայտնի էին լարվածությունը թուլացնելու քայլերը», - հավելել է նա:

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։

«Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում