Մատենադարանը հանրությանը ներկայացրեց Իրանի Ղաջարական դարաշրջանին նվիրված բացառիկ ցուցանմուշներ

Մատենադարանը հանրությանը ներկայացրեց Իրանի Ղաջարական դարաշրջանին նվիրված բացառիկ ցուցանմուշներ

Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված են հրովարտակներ, նկարազարդ ձեռագրեր, ինքնատիպ կազմեր և Ղաջար թագավոր Նասեր Էդ-Դին շահի՝ ծագումով հայ անձնական լուսանկարիչ Անթուան Սևրուգինի լուսանկարները։ Առաջին անգամ ցուցադրվում են արվեստաբան Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուից հախճապակե սալիկներ, հագուստ և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին Մատենադարանում:

Իվետ Թաջարյանը, որը նաև ցուցահանդեսի համադրողն է, ասաց՝ Մատենադարանի հավաքածուի ավելի քան 20 հազար 550 ձեռագրից շուրջ 2 հազար 730-ը արաբական են: Դրանցից 450-ը պարսկերեն ձեռագրեր են, որոնցից 150-ը Ղաջարական ժամանակաշրջանի են:

«Ցուցադրված նմուշների միջոցով ամբողջական պատկերացում է տրվում շուրջ 140 տարվա ընթացքում ձևավորված իրանական արքունական միջավայրի, ազգային արժեքների, ավանդույթների մասին: Ղաջարական ժամանակաշրջանում իրանական իշխանությունները կրկին սկսեցին մեծ ուշադրություն ցուցաբերել հայերի նկատմամբ, և նրանց վիճակը մասամբ բարելավվեց: Երկիրը տնտեսական լճացումից դուրս բերելու նպատակով կառավարությունը հրապարակեց մի շարք հրամանագրեր: Վերջիններս վերացրին հայերի նկատմամբ սահմանափակումները. Արգելվեց բռնի հավատափոխությունը և վերաօրինականացվեցին հայկական եկեղեցիների կալվածքները: Մատենադարանը պահպանում է նման բովանդակությամբ վավերագրեր, որոնցից մի քանիսը ցուցադրության մի մասն են»,-շեշտեց Թաջարյանը:

Նրա խոսքով՝ ցուցադրված նկարազարդ ձեռագրերում նկատելի է, որ նկարիչները հրապուրված են եղել եվրոպական արվեստով և հնի ու նորի համադրմամբ ստեղծել են իրանական Ղաջարական ինքնատիպ ոճը:

Անդրադառնալով Անթուան Սևրուգինի լուսանկարներին՝ համադրողն ընդգծեց, որ այդ աշխատանքները 2017-ին Մատենադարանին է նվիրել Սևրուգինի թոռը:

Միջոցառմանը տեղի ունեցավ նաև Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի հովանավորությամբ:

Գրքի առաջին հատորները գրել է 20-րդ դարի խոշորագույն իրանագետ Հակոբ Փափազյանը: Հինգերորդ հատորը գրելիս Քրիստինե Կոստիկյանը փորձել է պահպանել Փափազյանի մեթոդիկան և սկզբունքները:

«Այս պրակում ընդգրկել է Ղաջարական շրջանի 1798-ից 1829 թվականների 96 հրամանագիր թե՛ շահի, թե՛ արքայազների, որոնք պահվում են կաթողիկոսական դիվանում՝ Մելիք-Շահնազարյանների ֆոնդում: Սա այն ժամանակաշրջանն է, երբ սրվել են ռուս-իրանական հարաբերությունները Կովկասի շուրջ ու վերածվել ռուս-պարսկական պատերազմների: Վավերագրերը կարևորվում են նրանով, որ լիովին արտացոլում են ժամանակաշրջանի իրողություններն ու հայ-իրանական փոխհարաբերությունները նկարագրող լավագույն աղբյուրներն են»,-հավաստիացրեց Կոստիկյանը:

Ցուցադրությունը դիտելու և շնորհանդեսին մասնակցելու էր եկել ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադաշխան Զովուրին, որը  ողջունեց  դարերի խորքից եկող պատմությունը նման նախաձեռնություններով փոխանցելու գաղափարը: «Մտածում էի՝ ինչ գնահատական կարելի է տալ անձանց, որոնք  պատմության հետ են առնչվում և փորձում են արդար ներկայացնել այն: Կարծում եմ՝ դժվար է գնահատել մարդկանց, որոնք ուսումնասիրում, վերլուծում ու ապագա սերունդներին են փոխանցում պատմությունը»,-շեշտեց դեսպանը:

Ցուցահանդեսը և Մատենադարանում կազմակերպված մի շարք այլ միջոցառումներ նվիրված են Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որին ընդառաջ Մատենադարանում մեկնարկել են Իրանի մշակույթի օրերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում