Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորությունը բացել ենք, մնացածը բիզնեսի որոշելիքն է. Պապոյան
Ադրբեջանի տարածքով Հայաստան հեղուկ գազի տարանցման հնարավորությունը բաց է, բիզնեսը կորոշի՝ օգտվել, թե ոչ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորություն կա, բացել ենք: Կօգտվի՞ բիզնեսը, թե՞ ոչ.... Այլ հավասար պայմաններում երկաթուղին ավելի էժան է, սակայն մարդիկ մեծ ներդրումներ են արել այդ ոլորտում, օրինակ, գնել են մեքենա: Այդ պարագայում իրեն տնտեսապես ավելի հարմար է բերել մեքենայով: Բայց այն կազմակերպությունների համար, որոնք պետք է վարձակալեն մեքենա, երկաթուղին կարող է ավելի հարմար լինել: Կա դեպք նաև, որ Լարսը փակվում է: Այլընտրանքը կա»,-ասաց նախարարը:
Պապոյանը նկատեց՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորությունը նաև մրցակցություն է առաջացնում. նույնիսկ այն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու, քանի որ կա երկաթուղու այլընտրանք:
Անդրադառնալով հարցին՝ փոխադրման համաձայնության վերաբերյալ իր հայտարարությունից հետո Հայաստան Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի խմբաքանակի փոխադրում եղե՞լ է՝ Պապոյանը պատասխանեց. « Դա պրոցես է, նույնիսկ, եթե միանգամից սկսված լինի, վստահ չեմ, որ կհասցներ գալ այստեղ»:


Կարծիքներ