3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան

3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 6-ին այցելել է Տավուշի մարզում գործող «Դիլի» կաթնամթերքի գործարան: Այցին մասնակցել են նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Ընկերությունը նախատեսում է ստեղծել խոշոր անասնաբուծական համալիր, որը նախատեսված կլինի 600 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։ Պետության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել 231 գլուխ հոլշտին ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։

Պետական մեկ այլ ծրագրի շրջանակներում ընկերության կողմից նախատեսվում է անասնաբուծության ոլորտում իրականացնել 3․4 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ 

 «Դիլի» ընկերությունն օգտվել է պետական օժանդակության այլ ծրագրերից ևս, մասնավորապես՝ «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրով ձեռք է բերել 81,9 մլն դրամի 9 միավոր սարքավորում, որի դիմաց տրամադրված սուբսիդավորման գումարը 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 31,6 մլն դրամ։

«ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 3 միավոր տրակտոր։ Լիզինգի գումարը կազմել է շուրջ 50 մլն դրամ։

Ընկերությունն ունի մոտ 70 աշխատակից, որոնց թիվը նախատեսվում է կրկնապատկել։ Արտադրամասերը հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում