Մեր եռագույնը երեկ Սան Սիրո մարզադաշտում էր․ հաջողություն մաղթենք մեր մարզիկներին․ Հարությունյան
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ Միլանի «Սան Սիրո»մարզադաշտում տեղի է ունեցել 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Մարզական շքերթի ընթացքում Հայաստանի դրոշակակիրը Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն էր։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը բացման արարողությունից լուսանկարներ է հրապարակել և գրել․
«Մեր եռագույնը երեկ Սան Սիրո մարզադաշտում էր, ուր մեկնարկեցին Ձմեռային օլիմպիական խաղերը:
Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին: Սպասում ենք լավ արդյունքների»:
Հայաստանն այս օլիմպիական խաղերում 5 մասնակից ունի։
Առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: Փետրվարի 7-ին Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:
Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:


Կարծիքներ