Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի չորրորդ միջազգային ամառային փառատոնը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 24-29-ը Երևանում և Աշտարակում կանցկացվի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի 4-րդ միջազգային ամառային փառատոնը:
SUMMEET-ին իրենց նախագծերը կներկայացնեն պարային ընկերություններ Հայաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Հայկական ցուցադրությունը՝ Armenian Showcase-ը, ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։
SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունն է տարեցտարի վերածվել մի այնպիսի հարթակի, որը համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, ինչպես նաև հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին, պարային ընկերություններին։ Այս նպատակով էլ յուրաքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։
Փառատոնի մեկնարկը կտրվի հունիսի 24-ին Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում, ղազախական «Samruk» թատրոնի ժամանակակից և արդիական «Mutual Misunderstanding» անվանումով ներկայացմամբ։ Պարուսույց-կատարողներն են Տոմիրիս Մետիբաևան և Արտուր Գալիմուլլինը։
Հունիսի 25-ին Երևանի պարարվեստի պետական քոլեջում կմեկնարկեն փառատոնային վարպետության դասերը՝ հայ պարողների համար, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 27-ը։ Հատկապես յուրահատուկ է հունիսի 27-ին կայանալիք Մարթա Գրեհեմի տեխնիկայի վարպետության դասը, որը բացառիկ է իր տեսակով։
Հունիսի 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Balmanukyan Dance Project»-ի «Կոմիտասի երգերը․ Revival» նախագիծը (Հայաստան/Ռուսաստան, բեմադրությունը՝ Նատալյա Կասպարովայի)։ Այս նախագիծն իրականացվում է Կասպարովայի՝ տարիներ առաջ արված լեգենդար բեմադրությամբ, որն առաջադրվել էր «Ոսկե դիմակ» մրցանակի։
Հունիսի 26-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմում կցուցադրվի «Ամեն ինչ կարգին է» պերֆորմանսը (Ռուսաստան, պարուսույց՝ Կսենիա Բուրմիստրովա, կատարող՝ Լյուբով Պերովա)։ Նույն օրը կներկայացվի նաև ղազախական «Mutual Misunderstanding» ներկայացումը, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի կունենա դասախոսություն հայկական պարարվեստում օձերի սիմվոլիզմի մասին։
Հունիսի 27-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կներկայացվի «PARlez francais» նախագծի «VI» ներկայացումը (Ֆրանսիա/Հայաստան, բեմադրությունը՝ Վալերիա Կասպարովայի և Ֆելիսիա Մոնոդի (Ֆրանսիա)։ Ներկայացումը իրականացվել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։ Նույն օրը կներկայացվի նաև ֆրանսիական նախագծի «Իրերի տարօրինակ կարգը» բեմադրությունը (բեմադրիչ՝ Ֆելիցիա Մոնոդ)։ Կանցկացվի նաև դասախոսություն ACTS ինստիտուտի և «PARlez francais» նախագծի մասին։
Փառատոնի մարգարիտն են Armenian Showcase և Armenian Gala ծրագրերը, որոնք SUMMEET-ի հիմքն են։ Այս անգամ ծրագրերը հնարավորություն կլինի դիտել հունիսի 28-ին երևանյան տարբեր բեմերում։ Այդ օրը կկայանա նաև կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հայկական բալետի 100-ամյակին։
Հունիսի 29-ին կկայանա փառատոնի կարևոր նախաձեռնություններից մեկը՝ փարիզյան ACTS պարային ակադեմիա ընդունվելու քասթինգը, որին կարող են մասնակցել հայ պարողները։ Կանցկացվի նաև «Մարմինը և շարժումը ընկղմվող իրականության նոր տարածքում» խորագրով դասախոսությունը։
Հունիսի 29-ին Կինոյի տանը տեղի կունենա փառատոնի փակումը, որի շրջանակում կցուցադրվի Cosmogony առցանց ներկայացումը (Շվեյցարիա, բեմադրությունը՝ Ժիլ Ժոբենի)։ Այն առանձնահատուկ է նրանով, որ ներկայացվելու է Ժնևում, իսկ Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ցուցադրվելու է տեսաէկրանին՝ այլ իրականությունում։
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։ Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
Կարծիքներ