Թեհրանում կորոնավիրուսով վարակված անձանց համար հիվանդանոցային տեղերը սպառվել են
Իրանի Թեհրան նահանգում այլևս չկան հիվանդանոցային մահճակալներ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նահանգապետ Անուշիրավան Մոհսենի Բանդպեյը:
«Կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցային մահճակալների թիվը Թեհրանի նահանգում 6691 է, և այսօրվա դրությամբ դրանք բոլորը զբաղված են»,- ասել է նահանգապետը:
Նրա խոսքով՝ առաջնահերթ կարևոր է այժմ մահճակալների քանակի մեծացումը:
Իրանում կորոնավիրուսի վարակի տարածումը մեծ տեմպեր է ստացել: Ապրիլի 12-ին օրական ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 23 հազար 311 դեպք:
Պաշտոնական տվյալներով՝ մինչ օրս երկրում կորոնավիրուսով վարակվել է 2 մլն 93 հազար 452 մարդ, մահացել է 64 հազար 764-ը:
Ապրիլի 3-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ երկրի մի շարք նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը: Իրանի քաղաքների մեծ մասում մասնակի կարանտինի ռեժիմ է հայտարարված:
Կարծիքներ