Որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։
Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին։
Այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ Դրսևորվելու է հետևողականություն, որպեսզի նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովվի նոր պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով վերջիններիս հավելյալ գործիքակազմով։
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշված է հայտարարության մեջ։
Կարծիքներ