Կուբայում բողոքի ցույցերը արեւմտյան սոցցանցերի լայն հասանելիության հետեւանք են. ԶԼՄ
Կուբայում բողոքի ցույցերը հետեւանք են այն բանի, որ կղզու բնակիչները վերջին տարիներին սկսել են ավելի ազատ մուտք ունենալ արեւմտյան սոցիալական ցանցեր, որտեղից ստանում են կառավարության տրամադրած տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն: Երկուշաբթի նման կարծիք է հայտնել բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան:
Նրա խոսքով՝ «կուբացիները ավելի ու ավելի հաճախ են օգտվում սոցիալական ցանցերից իրենց կառավարությունից դժգոհություն հայտնելու համար»: Շատ դեպքերում, ըստ BBC-ի, բնակիչները «ստիպել են իշխանություններին պաշտոնական լրատվամիջոցներով արձագանքել» սոցիալական ցանցերի քննարկումներին: Կորպորացիան կարծում է, որ այսօր բնակչության զգալի մասի՝ հիմնականում երիտասարդներ համար հասանելի են Facebook, Twitter եւ Instagram սոցցանցերը: «Համացանցի հասանելիությունը հանգեցրեց բազմաթիվ անկախ ԶԼՄ-ների ի հայտ գալուն, որոնք լուսաբանում են սովորաբար պաշտոնական ԶԼՄ-ներում չլուսաբանվող թեմաներ», - ենթադրում է BBC-ն:
Կուբայում բողոքի ցույցերի այլ գործոնների թվում բրիտանական կորպորացիան նշել է երկարատեւ տնտեսական ճգնաժամը եւ COVID-19-ի տարածումը: Ըստ BBC-ի՝ «ներկայիս իրավիճակի սկզբնակետը կորոնավիրուսի լուրջ իրադրության եւ կառավարության տնտեսական միջոցների համադրություն է, որոնք ավելի են վատթարացրել կյանքը Կուբայում»:
Ըստ Բրիտանական հեռարձակող կորպորացիայի՝ նոր բռնկումը հանգեցրել է Լատինական Ամերիկայում բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ կորոնավիրուսով վարակվածության ամենաբարձր ցուցանիշներից մեկին: Այս կապակցությամբ «սոցիալական ցանցերը լցված էին միջազգային օգնություն եւ մարդասիրական միջամտություն խնդրող հաղորդագրություններով», - շարունակել է կորպորացիան:
BBC-ն կարծում է, որ համավարակը կաթվածահար է արել զբոսաշրջությունը, որը կղզու տնտեսության կարեւոր ճյուղն է: Ըստ կորպորացիայի՝ վերջին ամիսներին Կուբայում գնաճ է նկատվում, հաճախակի են դարձել էլեկտրաէներգիայի անջատումները, սննդի եւ դեղորայքի պակաս է զգացվում:
Հուլիսի 11-ին Կուբայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ անկարգություններ են տեղի ունեցել հանրապետության մի քանի քաղաքներում, որոնց մասնակիցները կողոպտել են մի շարք խանութներ: Դրանից առաջ զանգվածային ցույցեր են սկսվել Հավանայից 24 կմ հարավ գտնվող Սան Անտոնիո դե լոս Բանոս քաղաքում: Նախագահ Միգել Դիաս-Կանելը մեկնել է այնտեղ: Նա Կուբայի հեղափոխության պաշտպաններին կոչ է արել փողոց դուրս գալ իշխանությունների դեմ սադրանքները կանխելու համար:
Կարծիքներ