Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ձեր առաքելությունը ազգին դեպի Քրիստոս առաջնորդել է. Տիգրան Բալոյան
Տիգրան Բալոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Օրեր առաջ հանդիպել էի մի խումբ հայրենասեր, բարոյական, լավ դաստիարակություն ստացած պատանիների և աղջիկների հետ (մոտ 30 հոգի) և իրենց հետ զրուցում էինք Հայրենիքից, պատմությունից, քրիստոնեությունից, պատերազմից, ապագայից և այլն։ Նման հայրենասեր և Հայրենիքին ծառայելու պատրաստակամ երեխաներ այդքան էլ հաճախ չեմ հանդիպում։
Թեմաներով անցնելիս, երբ հերթը հասավ քրիստոնեությանը, ցավոք սրտի հանրահայտ պատասխաններից բացի` առաջին քրիստոնեա պետություն և այլն, ես ուրիշ բան չլսեցի։ Հարցիս` «Ո՞վ գիտի Լեռան քարոզը ինչի մասին է», 30 հոգուց ընդամենը 3-ը լսել էին քարոզի մասին, բայց թե ինչի մասին է նրանք էլ չգիտեին, և սա այն դեպքում, որ նրանք ուսման ծարավ ունեցող, բազմակողմանի զարգացած տեսակ են և իսկապես քրիստոնեային վայել սրտերով։
Ես կարծում եմ, որ սա կաթողիկոսի ուղղակի բացթողումն է. իր հոտի լավագույն հատվածներից մեկը, քրիստոնեության հիմնասյուներից մեկը` Լեռան քարոզը չգիտի և նույնիսկ չի էլ լսել դրա մասին։ Եկեղեցու դերը` հոտին դեպի Քրիստոս առաջնորդելն է, հետո նոր նախկինում ապրած հայ երևելիների ու եկեղեցու պատմությանը ծանոթացնելը։
Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ձեր առաքելությունը ազգին դեպի Քրիստոս առաջնորդելն է, կենդանի Աստծո հետ ծանոթացնելը, հետո նոր աշխարհիկ ու այլ գործունեությունը։ Սա կոչ չէ, սա պահանջ է։
Իրական Աստծուն ճանաչողը ոչ մի աղանդի հետևից չի գնա, կաշառք չի վերցնի, գողություն չի անի, մարդ չի սպանի, հող ու հայրենիք չի ծախի։ Ուզու՞մ ես Հայրենիք փրկել, սա է միակ քո ճանապարհը` ազգին Աստծուն բերելը»։
Կարծիքներ