Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ​​ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ​​ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի և ստեղծագործական գործունեության համար:

«Շնորհակալ եմ մեր կյանքում Ձեր ներկայության համար: Ձեր ուժը, եռանդն ու կենսասիրությունը ոգևորում են. մեծագույն պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը: Երգչախմբային արվեստը, դպրոցն ու ավանդույթը, որ ունենք, զարգանում է՝ շնորհիվ Ձեր անուրանալի ներդրման և մինչ օրս ղեկավարման: Ձեր սահմանած որակական չափանիշը պահելը մեծ պատասխանատվություն է»,- ասել է նախարարը և մաեստրոյին մաղթել երկար տարիների կյանք:

Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել մեծարանքի և իր վաստակի գնահատման համար և նշել, որ ոլորտի զարգացումը հնարավոր է միմիայն միասնական աշխատանքի շնորհիվ:

Մաեստրոյի տարեդարձն այս տարի նշանավորվել է նրա կառավարմամբ երգչախմբի տարբեր կատարումներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում