Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հանդեպ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7մլն դրամի չափով
Երևան քաղաքում` երթուղային տրանսպորտում, ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ․-ն Երևան քաղաքի Քրիստափոր–Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։
Հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, ինչպես նաև հասարակության նկատմամբ անհարգալից` իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրևորելելով, կատարել է խուլիգանություն։
Մասնավորապես՝ Ս․ Վ․-ն Հակոբ Ասլանյանի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ և, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը՝ շարունակելով վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները նրանով, որ Հ. Ասլանյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր:
Արդյունքում երթուղային ավտոբուսի վարորդը Երևան քաղաքի Խանջյան-Բյուզանդ փողոցների հատման հատվածում ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել դուրս գալ երթուղայինից։ Այդ կերպ Ս. Վ․-ն խոչընդոտել է հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Երևանի 30-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Դատարանի որոշմամբ Ս․ Վ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7մլն դրամի չափով։
Կարծիքներ