«Երբ հայրենիքից հեռու զգում ես մայրենի լեզվի՝ հայերենի կարիքը». սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Դասընթացներին մասնակցում է շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից:
Նրանցից մեկը Լուսինե Ազատյանն է. նա ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախը, որը քաղաքում միակ հայկական կիրակնօրյա դպրոցն է:
Մասնագիտությամբ ծրագրավորող Լուսինե Ազատյանը 30 տարի է՝ ապրում է Մինսկում, հայերեն դասավանդում է 17 տարի:
«Շատ պատահական է ստացվել իմ՝ դպրոցում աշխատելը: Պետք է որոշ ժամանակ փոխարինեի մանկապարտեզի դաստիարակչուհուն: Այդ ընթացքում դպրոցի ղեկավարությանը դուր եկավ՝ ինչպես եմ աշխատում, և ինձ առաջարկեցին դասավանդել մայրենի»,- պատմում է ուսուցչուհին:
Սփյուռքահայ ուսուցչուհին Հայաստանում վերապատրաստման ծրագրի մասնակցել է նաև 2011 թ.-ին, և սա նրա երկրորդ փորձառությունն է. մասնակցում է «Ուսուցում մեկօրյա դպրոցում» դասընթացի շրջանակում:
Հայորդաց դպրոցում, որտեղ աշխատում է Լուսինե Ազատյանը, այժմ սովորում է 4-16 տարեկան 60 երեխա՝ 7 խմբով. «Աշխատում ենք այնպիսի բաժանում անել, որ յուրաքանչյուր խմբում նույն տարիքի և, եթե հնարավոր է, իմացության նույն մակարդակի երեխաներ ներառվեն՝ խուսափելով խառը դասարաններից: Դասավանդում ենք մայրենի, երգ, պար, հայոց պատմություն»: Դասագրքերի վերաբերյալ նա նշում է, որ այդ առումով կարծես թե որևէ խնդիր չի առաջանում. ԿԳՄՍ նախարարությունն ապահովում է անհրաժեշտ գրականությունը, թեև ցանկը մշտապես կարելի է համալրել նոր գրքերով:
Հայաստանից դուրս հայերենի դասավանդման հիմնական խնդիրը, ըստ ուսուցչուհու, լեզու չիմանալն է: «Խառնամուսնությունները հաճախադեպ են դարձել, և ընտանիքներում հայերեն գրեթե չեն խոսում, իսկ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ լեզու սովորելը բարդ է»,- ասում է ուսուցչուհին:
Այդուհանդերձ, մանկավարժը վստահեցնում է՝ երեխաները սիրով են հաճախում դպրոց, որովհետև այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որ ոչ թե դպրոց են գնում, այլ ընտանիք:
«Կան երեխաներ, որ 200 կմ ճանապարհ են անցնում դպրոց հասնելու համար, և դա անում են անտրտունջ,- ասում է Լուսինե Ազատյանը և հպարտությամբ հավելում,- հաճախ լինում են նաև դեպքեր, երբ խառը ընտանիքներում հենց բելառուս մայրիկներն են իրենց երեխաներին բերում հայերեն սովորելու: Կան մայրիկներ, որոնք ևս ցանկություն են հայտնել սովորելու»:
Նա պատմում է, որ դպրոցում տարիքով ամենամեծ սովորողը եղել է աշակերտներից մեկի պապիկը, որը 60 տարեկան էր և պատկառելի ճանապարհ էր անցել. գիտնական էր՝ ուներ ակադեմիկոսի կոչում: Թոռնիկին հայկական դպրոց բերելիս նա որոշել է լրացնել տարիների բացը և սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ: «Թեև ապրում ենք օտար միջավայրում, ու միշտ չէ, որ տարբեր խոչընդոտների պատճառով հաջողվում է հայերեն սովորել, բայց հայրենիքից հեռու գալիս է մի տարիք, երբ զգում ես մայրենի լեզվի կարիքը ու այդ բացը լրացնելու պահանջ ես ունենում: Հենց այդ ներքին պահանջից դրդված էլ շատ մեծահասակներ հայերեն սովորելու ցանկություն են հայտնում»,- նշում է ուսուցչուհին:
Խոսելով Հայաստանում վերապատրաստումների մասին՝ ուսուցչուհին ընդգծում է՝ ծրագիրը բավականաչափ բարելավված է, դասընթացները կիրառական են, մեթոդները՝ ժամանակակից, ընտրված է լավ դասախոսական կազմ:
«Ծրագրի ավարտից հետո վերադառնալու եմ՝ հարստացած նոր գիտելիքով, մեթոդական նոր հմտություններով և ինձ հետ տանելու եմ նոր լիցքեր՝ փոխանցելու մեր հայրենակիցներին»,- խոսքը եզրափակում է ուսուցչուհին:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից և կշարունակվի մինչև հուլիսի 26-ը:
Կարծիքներ