«Մեր ռազմավարական ներդրողը Մեծ Բրիտանիան է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական ներդրողը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:
«Մեր ռազմավարական ներդրողը Մեծ Բրիտանիան է: Առաջ մենք այդ հարաբերությունները վերլուծում և դրանց նայում էինք նաև Եվրոպական միության պրիզմայով: Սակայն այսօր Մեծ Բրիտանիան այլևս Եվրամիության անդամ չէ, մեր փոխադարձ հետաքրքրությունը միմյանց նկատմամբ օրեցօր աճում է»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևի խոսքով` բրիտանական British Petroleum ընկերությունը հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական գործընկերը:
«Անցյալ տարի մենք նշեցինք համագործակցության 25-ամյակը, և դեռ կհամագործակցենք ամենաքիչը 25-30 տարի: Իհարկե, դա դրական կերպով է ազդել երկկողմ հարաբերությունների վրա, բայց երկու կողմերի կարծիքն էլ այն է, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք ոչ նավթային ոլորտում: Այդ կապերն էլ մեզ համար շատ կարևոր են»,-ասել է Ալիևը:
Կարծիքներ