Եթե լինի պատերազմական հանցագործության որակման հիմք, ՄՔԴ իրավազորությունը կգործի. Կիրակոսյան
Հայաստանն այսօր 4 զոհ ունեցավ սահմանին և վիրավորներ: Սա այն քիչ դեպքերից է, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ արտոնված միջոցառում է եղել, գիտակցելով սպանել են:
Ինչ իրավական մեխանիզմներ կան ներկայացնելու աշխարհին այս ամենը և դատավճիռ ստանալու:
Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ պատասխանելվ հարցին՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, այս պահին աշխատում են տեղի ունեցածի որակումը հստակեցնելու ուղղությամբ:
«Շատերին կհետաքրքրքի, թե արդյոք այս դիպվածը կընկնի Միջազգային քրեական դատարանի իրավազորության տակ: Փաստացի տեխնիկական առումով դեպքը ընկնում է ՄՔԴ-ի տարածքային իրավազորության տակ արդեն, քանի որ դատարանի կանոնադրությունը Հայաստանի համար մտել է ուժի մեջ և գործում է Հայաստանի տարածքի նկատմամբ:
Այս պահի դրությամբ թե կոնկրետ ինչ որակում պետք է տալ արարքին, թիմով ուսումնասիրում ենք՝ հասկանալու համար կան որակման հիմքեր թե՝ ոչ:
Անկախ այս հանգամանքից, այս դիպվածը որպես ապացույց մեր հետագա իրավակա գործընթացների շրջանակներում կներկայացնենք Արդարադատության միջազգային դատարանի շրջանակներում քննվող մեր գործում, նաև Եվրոպական դատարանի շրջանակներում կներկայացնենք:
Մենք իրավազորության առումով վիճելու խնդիր չունենք, ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես որակենք արարքը: Արդյո՞ք պետք է որակենք որպես պատերազմական հանցագործություն, կամ այլ տեսակի հանցագործություն: Եվ պետք է հասկանանք, թե ինչ հիմքով, որովհետև, եթե խոսքը գնում է զոհված զինծառայողների մասին, այստեղ պատերազմական հանցագործության համար որոշակի հիմքեր պետք է առկա լինեն: Որպես օրինակ բերեմ Սև լճում կատարվածը, երբ անզեն, ձեռքերը վերև պարզած զինվորականները գնդակահարվեցին, դա ակնհայտ պատերազմական հանցագործություն էր:
Այս դիպվածի հետ կապված հիմա չեմ շտապի որակում տալ, բայց եթե լինեն հիմքեր, այո, դատարանի իրավազորությունը կարող է գործել»,- ասաց Կիրակոսյանը:
Կարծիքներ