Արցախում շաբաթվա ընթացքում վնասազերծվել է կասետային 16 հրթիռ, թնդանոթի 7 արկ, 4 ավիառումբ, 8 ձեռքի նռնակ
2021 թվականի նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 641 զանգ, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: ՆԳՆ ծառայողները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և մեկուսացրել կրակը:
Նոյեմբերի 3-ին ողբերգական դեպք է գրանցվել Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում։ Հրդեհ է բռնկվել բնակելի տներից մեկում։ Հրդեհաշիջման և կրակի մեկուսացման աշխատանքներն իրականացրել են Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ, որին օգնել են նաև Կաղարծի համայնքի բնակիչները։
Դժբախտաբար Ն.Գ-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը լրիվությամբ այրվել է, որի ներսում հայտնաբերվել է նրա դին:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների կամ մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթ ելք չեն կատարել:
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 16 հրթիռ, 25 պայթուցիչ, հակահետևակային 2 և ականանետային 1 ական, 6 հրթիռ, թնդանոթի 7 արկ, 4 ավիառումբ և 8 ձեռքի նռնակ:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 29 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 5 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի 13 կենցաղային կանչերի։
Շաբաթվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, որից տուժել է 6 քաղաքացի: Փրկարարները վերջիններիս ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, որից հետո տուժածները տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911,101,112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
Կարծիքներ