Զելենսկին «Գրեմմիի» մասնակիցներին հորդորել է աջակցել Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձում կոչ է արել մասնակիցներին և հանդիսատեսին՝ «ամեն կերպ» աջակցել իր երկրին՝ գրում է svoboda.org-ը։
«Աջակցեք մեզ ամեն կերպ, մի՛ լռեք, և այդ ժամանակ խաղաղություն կգա մեր քաղաքներում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու տեսաուղերձից հետո հանդիսատեսի համար ելույթ են ունեցել ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդը, ուկրաինացի երգչուհի Միկա Նյուտոնը, բանաստեղծուհի Լյուբա Յակիմչուկը, ինչպես նաև ուկրաինացի այլ կատարողներ։
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները հրաժարվել էին Զելենսկուն տեսաուղերձի հնարավորության տալ և բավարարվել էին միջոցառման ընդմիջման ժամանակ Ուկրաինային աջակցող հայտարարության ցուցադրությամբ:
«Գրեմմին» այս տարի մրցանակներ է հանձնել 64-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հունվարի 31-ին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման պատճառով։
«Տարվա երգ» և «Տարվա ձայնագրություն» անվանակարգերում մրցանակները ստացել է Silk Sonic դուետը: «Լավագույն նոր կատարող» է ճանաչվել ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգահան Օլիվիա Ռոդրիգոն: Foo Fighters-ը մրցանակներ ստացել է երեք անվանակարգում՝ «Լավագույն ռոք ալբոմ», «Լավագույն ռոք երգ» և «Լավագույն ռոք կատարում»։ «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քանյե Ուեսթը։ Ջազ երաժիշտ Ջոն Բատիստը ստացել է «Lավագույն ալբոմ և լավագույն երաժշտական տեսահոլովակ» մրցանակները։
Կարծիքներ