Ներկայիս հրամայականն է, որ կրկնապատկված եռանդով շարունակենք ձևավորված գործարար ավանդույթները․ Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա առիթով․
«Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գործարարի օրվա առթիվ։ Մարտի 3-ը պատահական չէ ընտրված՝ այն հայ մեծանուն ձեռներեց ու բարերար Ալեքսանդր Մանթաշյացի ծննդյան օրն է, և սկսած 2017 թվականից պաշտոնապես նշվում է նաև որպես գործարար համայնքի գնահատանքի օր։
Հենց Մանթաշյանցի նախաձեռնող, ազգանվեր կերպարով ու գործունեությամբ է ոգեշնչվել և առաջնորվել հայ գործարարը, երբ նորանկախ Հայաստանում հիմք դրեց ու զարգացրեց հայրենական տնտեսության առաջընթացի մերօրյա ավանդույթները։
Անցած ճանապարհը հեշտ չի եղել․ հաստատված նոր՝ ազատական տնտեսությունը, խաղի իր կանոններն էր բերել, շատ բան հարկ է եղել ստեղծել նորովի և ինքնուրույն, կարճ ժամանակում յուրացվել են շուկայական տնտեսահարաբերութունների առանձնահատկությունները, հաղթահարվել բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ մարտահրավերներ։ Եվ այսօր հպարտությամբ ենք արձանագրում, որ Հայաստանում ունենք կայացած գործարար խավ՝ արդեն ձևավորված ավանդույթներով, ժամանակի փորձությունն անցած մասնագիտական կարողություններով, իր ճկուն գործելաոճով ու նորարարական մտքով՝ որպես հայրենական տնտեսության կայուն հենասյուն։
Այսօր դժվար ժամանակներ ենք ապրում․ քայքայիչ համավարակի ու պարտադրված պատերազմի հետևանքով լրջագույն խնդիրներ ուենք ոչ միայն տնտեսության բնագավառում, այլև երկրում հաստատված հասարակական-քաղաքական մթնոլորտի, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերների առումով։ Ունենք մի իրողություն, երբ, առավել քան երբևէ, յուրաքանչյուրից պահանջվում է հանդուրժողականություն, իմաստնություն, միասնականություն, նախաձեռնողականություն ու տքնաջան աշխատանք։ Այս ողջ ընթացքում հայ գործարարներն ապացուցեցին, որ ունակ են արդյունավետ գործելու ծայրագույն պայմաններում՝ իրենց նվիրումով թույլ չտալով տնտեսության բնականոն գործունեության խափանում, բարդագույն պայմաններում ձեռնպահ մնալով աշխատատեղերի
զանգվածային կրճատումներից, հանդես գալով բազմաթիվ սոցիալական նախաձեռնություններով, նյութական ու բազմաբնույթ աջակցություն ցուցաբերելով հերոսական հայ ժողովրդին ու Հայկական բանակին։
Հարգելի՛ գործընկերներ, Գործարարի օրվա խորհուրդն առավել քան պարտավորեցնող է։ Ներկայիս հրամայականն է, որ կրկնապատկված եռանդով շարունակենք գործարար այն ավանդույթները, որ ձևավորված են, բազմապատկենք մեր ջանքերը հայրենական տնտեսության վերականգնման ու հետագա առաջընթացի ուղղությամբ, հանդես բերենք հանրային պատասխանատվության քաջ գիտակցում ու նվիրում՝
հանուն Հայոց աշխարհի խաղաղ ու կայուն կյանքի, հայ ոգու ամրապնդման, վաղվա հզոր Հայաստանի»։
Կարծիքներ