Ուկրաինան եվրոպական երկրներից F-16 կործանիչներ կստանա. Սպիտակ տուն
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկեն F-16 կործանիչների մատակարարման հարցը հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
Սալիվանը ABC News-ին ասել է, որ F-16 կործանիչներն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինային կմատակարարվեն «եվրոպական երկրներից, որոնք ունեն այդ ինքնաթիռները»: Միաժամանակ նա չի հստակեցրել, թե երբ է նախատեսվում սկսել ուկրաինացի օդաչուներին այդ կործանիչները վարելու պատրաստությունը։
Հուլիսի 11-ին Ուկրաինան հուշագիր է ստորագրել 11 երկրների հետ՝ F-16-երի օդաչուների պատրաստման համար։ Մարզումները կսկսվեն օգոստոսին։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ F-16-ները կարող են հայտնվել Ուկրաինայում մինչև 2024 թվականի առաջին եռամսյակի ավարտը։
Կարծիքներ