Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխաների շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները գնահատելու համար։

Ընտրվում են միջին բարդության տեքստեր։ 2022-ի և 2023-ի արդյունքների համադրումը ցույց է տալիս, որ երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորը աճել է շուրջ 10 տոկոսով, եթե 2022-ին այն եղել է 53.5%, ապա 2023-ին՝ 63,8%, ինչը նշանակում է, որ երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են։

Ընդ որում, երեխաների կեսից ավելին գրանցել է 64.3%-ից բարձր արդյունք՝ այսինքն ճիշտ է պատասխանել իրենց կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցերից առնվազն 9-ին։ Շատ կարևոր է, որ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022-ի 47 տոկոսի համեմատ 2023-ին իջել է շուրջ 20 տոկոսով՝ դառնալով 28 տոկոս։

Ընդ որում, ընտրանքում նաև Տավուշի դպրոցներն են, որտեղ 2023-ին չորրորդ դասարանցիներն արդեն իսկ անցնում էին նոր չափորոշիչներով և որտեղ ցուցանիշները մյուս դպրոցներից ավելի դրական են։ Շատ կարևոր եմ համարում, որ 4-րդ դասարանցիների համար գիտահանրամատչելի տեքստերը գեղարվեստական տեքստերի համեմատ դժվար հասանելի չեն:

Կարևոր է նաև, որ երեխաները չեն դժվարանում սեփական միտքը ձևակերպել, որովհետև համադրելի արդյունքներ են գրանցել թե կարճ պատասխաններ ենթադրող հարցերի համար, թե ընտրովի պատասխաններով հարցերի դեպքում։

Հաշվետվությունը հասանելի է Կրթության տեսչական մարմնի կայքում՝ եռամսյակային հաշվետվության շրջանակներում, ամբողջությամբ կհրապարակվի 2024-ի տարեկան հաշվետվության հետ»,- գրել է ԿԳՄՍ նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում