Բարեգործական ծրագրերում շահառուների քանակ նշելու պահանջ սահմանված չէ. փոխվարչապետի խոսնակը հերքում է հրապարակել
Հերթական չճշտված լուրն է տարածվել՝ «Հերթական բացառությունը Աննա Հակոբյանին» խորագրով, որում լրագրողը «մեղադրել է» ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը բարեգործական որակելու որոշում կայացնելու հարցում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ լուրում մասնավորապես՝ նշվել է, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը «․․․չի ասում, թե քանի հոգի է ծրագրով անցնելու», վերջում էլ եզրակացնում է, որ «նման օրինախախտումներից կոռուպցիայի հոտ է փչում»։
«Տեղեկացնեմ, որ որևէ իրավական ակտով բարեգործական որակվող ծրագրերում շահառուների քանակ նշելու որևէ պահանջ սահմանված չէ, հետևապես պնդումը, որ փոխվարչապետը թերի հայտ է հաստատել և մնացյալ եզրակացությունները, սխալ են։
Հավելեմ, որ Ծրագրի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, Շիրակի մարզում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը նպաստելն է՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով։
Լրագրողին հորդորում եմ հավատարիմ մնալ քաղաքացիներին հավաստի տեղեկություն տրամադրելու մասնագիտական առաքելությանը և նման հարցեր առաջանալու դեպքում, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա, դիմել պետական մարմնին ու ստանալ հուզող հարցերի պատասխանները։
Առողջություն մեր տղաներին»,-նշել է խոսնակը։
Կարծիքներ