«Հարավկովկասյան երկաթուղի»-ն անցնում է ուղևորափոխադրումների ամառային չվացուցակի
Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն անցնում է ուղևորափոխադրումների ամառային չվացուցակի: Ընթացիկ տարում, ի տարբերություն նախորդ տարվա, ավելացել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով չվերթերի հաճախականությունը, «Արմենիա» ֆիրմային գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Երթուղին գործելու է սովորության համաձայն մինչև սեպտեմբերի 30-ը, և ըստ ՀԿԵ-ի հաշվարկների ՝ ընթացիկ տարում տվյալ երթուղով կսպասարկվի մինչև 40 հազար ուղևոր:
Ընթացիկ ամառային սեզոնի ևս մեկ նորամուծություն է Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքի մեկնման կետի փոփոխությունը: Ի տարբերություն նախորդ տարիների ՝ էլեկտրագնացքը կշարժվի ոչ թե «Ալմաստ» կանգառից (Քանաքեռ-Զեյթուն համայնք), այլ Երևանի կայարանից։ Թեև այս դեպքում երթուղին կերկարաձգվի 36 կմ-ով, սակայն ճանապարհորդության ժամանակը կմնա անփոփոխ՝ Երևանից մինչև Շորժա` 3 ժամ։ Սա ավելի հարմարավետ կլինի ուղևորների համար, որոնք կօգտվեն մայրաքաղաքի կայարանի զարգացած ենթակառուցվածքից, իսկ գնացքի ավելացված արագությունը թույլ կտա նույն ժամանակահատվածում հաղթահարել մինչև Սևանա լիճ ընկած հեռավորությունը: Երթուղին կսկսի աշխատել հունիսի 16-ից։
Որպես 2023 թվականի ամառային սեզոնի նոր ծառայություններ՝ «Երևան» կայարանում կմատուցվեն տարբեր չափերի ուղեբեռի պահման ծառայություններ։ Բացի այդ, սեզոնի սկզբին նախատեսվում է գործարկել տեղական էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված ծրագրի թարմացված տարբերակը։ Փորձնական մեկնարկը նախատեսվում է հունիսին։ Նորացված ծրագիրը թույլ կտա տոմսերի վաճառքը կազմակերպել ինտերնետով ՝ բջջային հավելվածի և երկաթուղային կայարաններում ինքնասպասարկման տերմինալների միջոցով: Փաստորեն, գնացքներում աշխատակիցները կկատարեն վերահսկիչի գործառույթներ ՝ ստուգելով գնված տոմսերը հատուկ սարքի միջոցով: Բնականաբար, տոմսարկղից տոմս գնելը չի չեղարկվում։ Բոլոր տոմսարկղերն ունեն POS-տերմինալներ անկանխիկ վճարման համար:
Ամառային սեզոնի համար արդեն հայտեր են ստացվել խմբային, կորպորատիվ և զբոսաշրջային փոխադրումների համար։ Ընդհանուր առմամբ, տեղական հաղորդակցությունում նախատեսվում է միայն ամառային սեզոնին փոխադրել ավելի քան 170 հազար ուղևոր, ինչը վկայում է ՀԿԵ-ի հաճախորդակենտրոնության և ցանկացողներին որակյալ տրանսպորտային ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին:
Կարծիքներ