Աֆղանստանի նախագահը երկրի գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել. աֆղան դեսպան
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը Դուշանբեում կայացած ասուլիսի ժամանակ:
Վերջինս Ղանիի փախուստն անվանել է «պետության և ժողովրդի դավաճանություն» և հայտարարել է, որ վերջինս 169 մլն դոլար է գողացել պետական գանձարանից:
Միևնույն ժամանակ դեսպանը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհին է ճանաչում որպես երկրի ղեկավար: «Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի բացակայության, փախուստի կամ մահվան դեպքում առաջին տեղակալը պետք է կատարի նրա պարտականությունները, այդ իսկ պատճառով Ամուրլա Սալեհն է հիմա երկրի ղեկավարը»,- ասել է դեսպանը:
Վերջինս հավելել է, որ դիմելու է Ինտերպոլին՝ Ղանիին ձերբակալելու պահանջով, որպեսզի նրան միջազգային դատարան բերեն:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ փոխնախագահ Սալեհը մնացել է երկրում և ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները՝ սահմանադրության համաձայն: Հաղորդվում է, որ Սալեհի ուժերը թալիբներից հետ են նվաճել Քաբուլից հյուսիս գտնվող Չարիքար շրջանը:
Կարծիքներ