Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն
Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:
«Այս ծրագրում ընդգծել ենք, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի համար անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է նաև տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը:
«Այս առումով կարևորում ենք ունենալ զարգացող և հարկունակ տնտեսությունը, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունը ապահովելու համար: Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, ներառական տնտեսությունը»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ