Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ. ՀՀ նախագահ

Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ; Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:

Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն:

Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ:

Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ Ավետիս»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում