Ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապացույց է հրապարակել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
«Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները: Տարածությունը պատկերացնելու համար նշենք, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ մեկ կմ է»,- ասվում է օմբուդսմենի հայտարարությունում։
Հայաստանի ՄԻՊ-ը հայտնում է, որ Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը։
Կարծիքներ