ՀՀ-ից առևանգված 2 հայ զինծառայողների մասին ՄԻՊ-ը տեղեկություն է փոխանցել միջազգային կառույցներին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն է փոխանցել միջազգային կառույցներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողների դատական նիստին։
«Մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել և ստացված տեղեկատվությունն իրավական ձևակերպումներով ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- ասաց Մանասյանը:
ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ թեման անընդհատ բարձրաձայնում է բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:
«Տվյալ պարագայում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից հստակորեն գերու կարգավիճակ ունեցող անձանց հետ, և նրանց նկատմամբ պետք է տարածվեն այն երաշխիքները, որոնք, ըստ էության, հիմա շատ վիճելի է ասել՝ փաստացի տեսանկյունից տարածվո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ այս առումով միանշանակ է, որ, այո՛, պետք է քայլեր ձեռնարկվեն»,- ասաց նա:
Կարծիքներ