6 բնակարան Գլենդելում, տներ, հողամասեր Երևանում և մարզում, 5 մեքենա. ով է Մարությանի հարուստ թիմակից Պեդրո Զարոկյանը

6 բնակարան Գլենդելում, տներ, հողամասեր Երևանում և մարզում, 5 մեքենա. ով է Մարությանի հարուստ թիմակից Պեդրո Զարոկյանը

Դերասան, Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունով քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի թիմակից Պեդրո Զարոկյանը, որը ցուցակում 6-րդն է, 2023 թվականի օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Զարոկյանը գյուղատնտես է, «Մոնթե Նոահ» ՍՊԸ-ի տնօրենը։

Վերջինս իր հայտարարագրում նշել է, որ ամուսնացած չէ, բայց ունի երեք երեխա։

Այսպիսով գյուղատնտես Զարոկյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Հյուսիսային պողոտայում գտնվող 139 քառակուսի մետր տարածքով միանձնյա սեփականությամբ բնակարան, նույն վայրում գտնվող՝ 22․4 քառակուսի մետր տարածքով միանձնյա սեփականությամբ ավտոկայանատեղի, Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ 937․8 տարածքով հողամասով և 410․3 քառակուսի մետր տարածքով տուն։

Մարությանի թիմակիցը ունի նաև բազմաթիվ հողամասեր. ըստ այդմ՝ նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 4 գյուղատնտեսական հողամաս, որոնք բոլորն էլ գտնվում են Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագավան գյուղում։

Զարոկյանը ԱՄՆ-ում ևս մեծ կարողություն ունի. 6 բնակարան՝ Գլենդել թաղամասում: Բոլոր բնակարանները միանձնյա սեփականության են:

Ավագանու անդամ դառնալ ցանկացող Պեդրո Զարոկյանը մի ամբողջ ավտոպարկ ունի: Ըստ այդմ՝ նա ներկայացրել է միանձնյա սեփականությամբ 2015 թվականին թողարկված «Տոյոտա 4 րանըր», 2005-ին թողարկված «Լեքսուս Գիեքս 470», 2003-ին թողարկված «Տոյոտա Տանդրա» մակնիշի մեքենաներ։ Զարոկյանը ունի նաև երկու տրակտոր՝ 2019 թվականին թողարկված «Բելարուս 451» և 1980 թվականին թողարկված «Բելարուս 82» մակնիշների։ Տրակտորները ևս միանձնյա սեփականության են:

Վերջինս ներկայացրել է նաև իր տարեկան եկամուտները, որոնց համաձայն՝ «Վըրմանթ վենթուր ինք» ընկերությունից որպես վարձավճար ստացել է 181 հազար 200 ԱՄՆ դոլար, և գյուղմթերքի վաճառքից՝ 8 միլիոն ՀՀ դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 6 հազար ԱՄՆ դոլար, 450 հազար ՀՀ դրամ։

Զարոկյանը բաժնետոմսեր ունի «Մետա» ընկերությունում՝ 17․33 հատ, «Corporation America Airports»-ում՝ 95․9 հատ և Uber ընկերությունում՝ 64․8 հատ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում