Ուկրաինական Լուցկ քաղաքում հայկական եկեղեցի է կառուցվում
Լուցկում (Ուկրաինայի Վոլինի մարզի վարչական կենտրոն) ընթանում է հայկական եկեղեցու շինարարությունը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը: 2019 թվականին Վոլինի մարզի հայ համայնքի նախաձեռնությամբ Լուցկի քաղաքային խորհուրդը հողամաս է հատկացրել Պոտեբնի 105 փողոցի վրա եկեղեցու շինարարության համար:
Վոլինի մարզի հայ համայնքի նախագահ Նշան Անտոնյանի խոսքով՝ եկեղեցու հարցով սկսել են զբաղվել դեռևս 2014 թվականին, սակայն տարբեր գործոնների պատճառով հողամասն ստացել են միայն 2019 թվականին, և անմիջապես սկսել են շինարարական աշխատանքները:
«Եկեղեցու համար առաջին վճարը կատարել է Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, ինչի համար նրան շնորհակալ ենք: Հարկ է նաև նշել, որ երկար է տևել նախագծի ծրագրումը և շինարարության համար հողի նախապատրաստումը: Այս փուլում կառուցումը շարունակվում է: Մենք աշխատում ենք եկեղեցու կամարների վրա, ամրացնում ենք հիմքը»,- ասել է Անտոնյանը:
Լուցկի պատմական հայկական եկեղեցին թվագրվում է 1427 թվականին: 17-րդ դարի կեսերին տաճարն օծվել է հայ Կաթոլիկ եկեղեցու կողմից և վերանվանվել Սուրբ Ստեփանոս եկեղեցի:
Կարծիքներ