Զբոսաշրջիկը ՀՀ է գալիս և մեծ խաղատուն մտած լինելու տպավորություն է ստանում․ օրենքի նախագիծ է ներկայացվել

Զբոսաշրջիկը ՀՀ է գալիս և մեծ խաղատուն մտած լինելու տպավորություն է ստանում․ օրենքի նախագիծ է ներկայացվել

ՀՀ ԱԺ մայիսի 7-ի հերթական նիստում պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես նախագծով նախատեսվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ վերջին տարիներին թեև բավականին սահմանափակումներ են սահմանվել ոլորտը գովազդող կարգավորումներում, բայց սահմանափակումների անհրաժեշտություն դարձյալ կա: Նշվել է, որ վերջին ժամանակներում սահմանային անցակետերում, ինչպես նաև չորս և բարձր աստղի կարգին համապատասխան հյուրանոցներում գովազդային վահանակների վրա տարբեր խաղային բիզնեսների, խաղատների, շահումով խաղերի հեռարձակվող գովազդի գերակշռող աճ է նկատվում: Նարեկ Ղահրամանյանի դիտարկմամբ այն բացասաբար է ազդում նաև Հայաստանի՝ որպես հազարամյա պատմությամբ, մշակույթով հարուստ երկրի նկարագրի վրա:

Նախագծի հեղինակը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով առաջարկվող սահմանափակումներին:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը:

Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ օրենսդրական նախաձեռնությունը համահունչ է Կառավարության վարած քաղաքականությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում