ՅՈՒՆԻՍԵՖ-ը COVID-19-ի դեմ պայքարում կաջակցի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխայի, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև:
«Քանի որ հազարավոր ծնողներ պայքարում են իրենց կենցաղն ու եկամուտը ապահովելու համար, ՀՀ կառավարությունը այս ընթացքում աշխատել է ընդլայնել սոցիալական պաշտպանության միջոցառումները, որպեսզի հասնի ամենախոցելի անձանց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մենք հույս ունենք օժանդակել ոչ միայն հաշմանդամություն ունեցող ամենախոցելի երեխաներին, այլև՝ քարտեզագրել առողջապահական և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների կարիքը հանրապետության ողջ տարածքում և միասնական մոտեցում մշակել՝ հետագայում այս ծառայությունները համակարգելու և իրականացնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 82 մլն 415 հազար դրամ: Աջակցության գումարի չափը որոշվել է նախարարության հետ համատեղ՝ հիմնվելով նախկին սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթների և նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի վրա:
«Հաշմանդամություն ունեցող երեխաները, հատկապես նրանք, ովքեր ապրում են ամենաաղքատ տնային տնտեսություններում, անհամաչափորեն են զգում կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությունը։ Հետևաբար՝ նրանց լրացուցիչ աջակցություն է հարկավոր ճգնաժամին դիմակայելու համար։ Եթե համակարգված գործողություններ չիրականացնենք կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունը չեզոքացնելու և համավարակին պատասխան հարված հասցնելու համար, արդեն իսկ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող հազարավոր երխաներ ավելի ծանր իրավիճակում կհայտնվեն», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգը։
Աջակցությունը տրամադրվելու է հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի և գանձապետարանի միջոցով ամսական ընտանեկան նպաստների վճարումների հետ համատեղ՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրելու պահից մեկ-երկու ամսվա ընթացքում։
Բացի միանվագ դրամական աջակցությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակել է տեղեկատվական փաթեթ՝ ծրագրի շահառու հանդիսացող հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի ծնողների և խնամակալների համար, որը կբաշխվի «Հայփոստ»-ի աջակցությամբ:
Որպես երկարաժամկետ աջակցություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել տեխնիկական աջակցություն՝ հոգեկան առողջության և հոգե-սոցիալական աջակցության ծառայությունները զարգացնելու համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների համար:
Կարծիքներ