ԵՄ-ն չի ճանաչել Վենեսուելայի խորհրդարանի նոր կազմը

ԵՄ-ն չի ճանաչել Վենեսուելայի խորհրդարանի նոր կազմը

ԵՄ-ն չի ճանաչում Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարան) նոր կազմն ու շարունակում է աջակցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փեթեր Ստանոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունը չի ճանաչում Վենեսուելայի խորհրդարանի նոր կազմը, եւ մենք կշարունակենք աջակցել (Բրյուսելի տեսանկյունից) միակ օրինական ընտրված ներկայացուցիչ Խուան Գուայդոյին: Մեզ համար նա միակ ժողովրդավար գործընկերն է, ով ընտրվել է 2015 թվականին: Վենեսուելայի հետ հարաբերությունների հարցով ԵՄ երկրների միջեւ բանավեճը շարունակվում է»,-հայտարարել է նա:   

Ավելի ուշ Եվրոպական խորհրդում տարածվել է արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որում ասվում է «քաղաքական եւ քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների, այդ թվում Խուան Գուայդոյի եւ նախորդ գումարման խորհրդարանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը շարունակելու» մտադրության մասին:

Դեկտեմբերի 6-ին Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց ժամանակ քաղաքացիներն ընտրել են 277 պատգամավորների: Հաղթանակ է տարել կառավարամետ «Հայրենասիրական մեծ բեւեռը»: Գործող կառավարության հակառակորդների մեծ մասը, որոնց է պատկանել խորհրդարանի անցած կազմում մեծամասնությունը, այդ թվում Գուայդոն, հրաժարվել է քվեարկությանը մասնակցելուց եւ դրա արդյունքները ճանաչելուց: Դեկտեմբերի 6-ին ընտրված պատգամավորներն սկսել են աշխատանքը երեքշաբթի:

Դեկտեմբերի 26-ին պատգամավորները, որոնց մանդատն ավարտվել է հունվարի 5-ին, հավանություն են տվել որոշմանը, ըստ որի երկարաձգվում է Ազգային ասամբլեայի աշխատանքը մինչեւ լիազորված հանձնաժողովի ստեղծման ճանապարհով նոր ընտրությունների անցկացումը: Վենեսուելայի Գերագույն դատարանն այդ որոշումն անվավեր է ճանաչել: Չնայած դրան՝ Գուայդոն եւ նրա աջակիցները հունվարի 5-ին հայտարարեն են նիստ անցկացնելու մասին, որը բացում է նախորդ գումարման խորհրդարանի նստաշրջանը:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում