Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք

Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք

Այս տարի արտակարգ պայմաններում անցկացված միասնական քննությունների ժամանակ հանրապետության քննական կենտրոնների հարակից տարածքներում արտակարգ ծառայություն իրականացրին նաեւ ՀՀ ոստիկանության կարգախմբերը։ Նրանք ապահովում էին քաղաքացիների միջեւ սոցիալական հեռավորությունն ու դիմակների առկայությունը։

Հուլիսի 2-ին՝ օտար լեզվի միասնական քննության ժամանակ իրականացված ծառայության ընթաքում, արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք, որոնցով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։

Տեղեկատվությունը մեր հարցմանն ի պատասխան փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասը սահմանում է, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10․000 դրամ)։

Հավելենք նաեւ, որ գրավոր հարցումն արվել էր առաջին՝ հուլիսի 2-ին անցկացված քննությունից հետո: Պատասխանը ստացել ենք այսօր: Բայց հուլիսի 4-ին, 6-ին եւ 8-ին նույնպես միասնական քննություններ են անցկացվել: Չի բացառվում, որ այդ օրերին եւս կարգը խախտած ծնողների նկատմամբ արձանագրություններ կազմված լինեն: 

 

  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում